ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց «Աթուր» Հայաստանի ասորիների ասոցիացիաների նախագահ Արսեն Միխայլովի հետ
- Հայաստանի անկախացումն ի՞նչ փոխեց Հայաստանի ասորական համայնքի կյանքում:
- Հայաստանի անկախացումը շատ բան փոխեց ասորական համայնքի կյանքում: Ասորական համայնքը զգաց ազատություն, զգաց այն բարեփոխումները և ժողովրդավարությունը, որը եկավ Հայաստան: Եվ, իհարկե, ասորական համայնքն ունեցավ հնարավորություն օրենքի շրջանակներում պահելու, պահպանելու իր մշակույթը, լեզուն, ազգային նիստուկացը: Դա շատ կարևոր է: Այսօր մենք իշխանությունների հետ անմիջական կապի մեջ ենք մեր խնդիրների վերաբերյալ: Այսինքն՝ այսօր մենք կարողանում ենք ներկայացնել մեր խնդիրներն իշխանություններին: Կան հարցեր, որոնք լուծվում են, սակայն դա չի նշանակում, որ համայնքը խնդիրներ չունի: Իհարկե, խնդիրներ կան, և մենք իշխանությունների հետ փորձում ենք պարբերաբար լուծել այդ խնդիրները:
- Իսկ ի՞նչ խնդիրներ ունի այսօր Հայաստանի ասորական համայնքը:
- Խնդիրները հիմնականում կրթամշակութային են: Քաղաքական խնդիրներ այսօր չունենք: Մենք իհարկե տեսնում ենք` այսօր ինչ է կատարվում աշխարհում, և ասորական համայնքն անմասն չի մնում դրանից: Մենք մեր ձայնն ենք բարձրացնում Հայաստանի իշխանություններին, և պետք է շնորհակալություն հայտնեմ նրանց, որ նրանք էլ են իրենց ձայնը բարձրացնում Սիրիայում և Իրաքում ասորական համայնքների հետ տեղի ունեցողի առնչությամբ: Տա՛ Աստված, որ ասորական համայնքը ողջ աշխարհում ունենա այսպիսի մի բնօրրան, ուր կկարողանա իր կրթությունը և լեզուն զարգացնել:
-Ասորական համայնքն ինչպե՞ս է պատրաստվում ՀՀ Անկախության տոնին:
- Իհարկե շնորհավորում են Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանը և մեզ՝ Հայաստանում բնակվող ասորիներիս:
Անկախության տոնին մենք ասորաբնակ գյուղերում՝ Արզնի, Վերին Դվին, միջոցառումներ ենք կազմակերպում: Անցկացնում ենք նման միջոցառումներ և՛ դպրոցներում, և՛ մանկապարտեզներում, որոնք մենք միասնական նշում ենք:
Ասորական համայնքն իր դերակատարումն է ունեցել Հայաստանի անկախության կերտման գործում: Ասորական համայնքի ներկայացուցիչներն առաջին իսկ օրերից մասնակցել են և՛ Ղարաբաղյան պատերազմին, և՛ անկախության շարժմանը: