Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը շնորհավորել է հայ ժողովրդին

15:38     21 սեպտեմբերի, 2016

Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինը:

«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ: Անկախության ձեռքբերումից հետո՝ 25 տարիների ընթացքում, Հայաստանը տարբեր ոլորտներում զարգացման նշանակալի հաջողությունների է հասել: Հայաստանում Ձեր ղեկավարությամբ պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը և շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը: Չինաստանն անկեղծորեն ուրախ է դրա համար:

Ես մեծ նշանակություն եմ տալիս Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների:

Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»,-ասված է Չինաստանի առաջնորդի շնորհավորական ուղերձում:


© armedia.am