ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել ավելի ակտիվ լինել տնտեսական և քաղաքական բարեփոխումներ անցկացնելու հարցում՝ նախազգուշացնելով, հակառակ դեպքում ԵՄ-ն կարող է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը:
«Մենք գիտենք, որ եթե նրանք ԵՄ-ին առիթ տան, ներկայումս առնվազն 5 երկիր կա, որոնք ցանկանում են ասել՝ «Մենք ուզում ենք դուրս գալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներից»»,- հայտարարել է Բայդենը Նյու Յորքում միջազգային հարաբերությունների խորհրդում ելույթի ժամանակ:
Նրա խոսքերով՝ 2014 թվականից ինքը շաբաթական 2-3 ժամ է ծախսում ուկրաինացի առաջնորդների հետ հեռախոսազրույցների վրա` նրանց համոզելով վճռականորեն կատարել բարեփոխումներ, միաժամանակ «ճնշում գործադրելով» Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի վրա՝ պահպանելու պատժամիջոցային քաղաքականությունը: