ԵՄ դատարանի գլխավոր փաստաբանը խորհուրդ է տվել չեղարկել ԵՄ խորհրդի և ԵՄ անդամ պետությունների վիճարկումը՝ ահաբեկչական կազմակերպություններից ցուցակից ՀԱՄԱՍ-ի բացառման մասին 2014-ի վերջին դատարանի կողմից կայացված որոշման առնչությամբ։
2014 թվականի սեպտեմբերին ԵՄ ընդհանուր իրավասության դատարանը չեղարկել էր միջոցառումները, որոնք ընդունվել էին ԵՄ խորհրդի կողմից ընդդեմ ՀԱՄԱՍ-ի, մասնավորապես՝ շարժման նախանշումը որպես ահաբեկչական կազմակերություն և նրա ակտիվների սառեցումը։ Իր վճիռը ԵՄ դատարանը հիմնավորել է նրանով, որ ՀԱՄԱՍ-ը 2001 թվականին ահաբեկչական կազմակերությունների շարքին է դասվել մամուլում և համացանցում հրապարակումների հիման վրա, այլ ոչ թե գործողությունների վերլուծության։
ԵՄ խորհուրդը վիճարկել էր այդ որոշումը հունվարին։ Մարտի 27-ին ԵՄ պաշտոնաթերթում հրապարակվել էր ահաբեկչական կազմակերպությունների թարմացված ցուցակը, որում, ինչպես նախկինում, ընդգրկվել էր նաև ՀԱՄԱՍ-ը։