ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց սիրիահայ Շաղիկ Ռաստգելենյանի հետ:
- 2012թ. ընտանիքով Հալեպից տեղափոխվեցիք Հայաստան: Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը:
- Այսքան տարի ճիշտ բառը չգտա, բայց Հայաստանը շատ մեծ բան է ինձ համար, սրտիս մեջ ամենամեծ տեղն ունի, Սիրիայից ավելի շատ եմ սիրում: Արդեն չորս տարի է` ապրում եմ Երևանում, սակայն առաջ անընդհատ եկել-գնացել ենք, և միշտ ուզել եմ այստեղ ապրել:
- Երբ եկաք Հայաստան, առաջին տպավորությունն ինչպիսի՞ն էր:
- Առաջին անգամ Հայաստան եկա 2005-ին: Երբ ինքնաթիռից իջա, այնպես տպավորիչ էր, որ բոլորը հայերեն են խոսում: Փողոցում քայլում էիր, շուրջբոլորը հայեր էին, դա այնքա՜ն լավ էր: Իսկ վրաս ազդեց այն, որ ես մուրացիկներ տեսա, մինչդեռ մենք մեծացել ենք այն դասով, որ հայը չի կարող մուրացիկ լինել, չի սազում, բայց լավ է, որ հիմա արդեն չկան:
- Ինչո՞վ եք զբաղվում այստեղ:
- Երևանի Եվրոպական համալսարանում սովորել եմ Միջազգային բիզնես, որից հետո աշխատել եմ ավիաուղիների ընկերությունում` որպես ներկայացուցիչ: Այնուհետև գնացի մոդելների դպրոց (մոդել դառնալն իմ երազանքներից մեկն էր), որն ավարտելուց հետո աշխատեցի որպես մոդել, գնացի Իսպանիա՝ համաշխարհային մրցույթի. ներկայացնում էի Կովկասը: Դա շատ մեծ փորձառություն էր ինձ համար: Այժմ աշխատում եմ մեր ընտանեկան «Զեյթունա» ռեստորանում՝ զբաղվելով դրա PR-ով: Այնտեղ ամեն ինչ էլ անում եմ՝ հաշվապահություն, մենեջմենթ, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել: Ես մեկ այլ նախագիծ էլ ունեմ. Ֆեյսբուքում և Ինստագրամում իմ երկու ընկերուհիների՝ Սարին Բյուզանդյանի և Լիբանանում բնակվող Ստեֆանի Սանոսյանի հետ Live Love World-ում բացել ենք Live Love Armenia էջը, որի նպատակը Հայաստանը ներկայացնելն է: Այս մեկ տարվա մեջ արդեն Ինստագրամում 29 հազար հետևորդ ունենք: Մենք բարեգործական միջոցառումներ ենք կազմակերպում, ապարանջաններ և շապիկներ վաճառում: Նպատակը Հայաստանն ու Սփյուռքն իրար կապելն է:
- Դուք այցելել եք նաև Արցախ: Ինչպիսի՞ տպավորություն ստացաք:
- Արցախը լրիվ ուրիշ է, գժվելու բան է: Ես ապրիլի վերջին գնացի, արդեն քիչ թե շատ խաղաղ էր, բայց ժողովուրդ չկար: Դա շատ ազդեց վրաս: Այդպիսի սիրուն երկրում պետք է մարդիկ ապրեն: Մենք ընտանիքով որոշեցինք, որ ապրիլի 24-ի մեր ռեստորանի ողջ հասույթը կգնա ապրիլյան պատերազմում երկու զոհվածների ընտանիքներին: Եվ դա ես տարա: Այնտեղ տեսա, որ տեղի երիտասարդությունն ավելի հասուն է:
- Ի՞նչ կմաղթեք հայ երիտասարդությանը ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:
- Ես էլ անկախության տարեկիցն եմ, շուտով կնշեմ իմ 25-ամյակը: Կմաղթեմ, որ ամեն մեկն իր նպատակին հասնի, բայց առանց աշխատանքի դրան չես հասնի, պետք է ջանք թափել: Հայաստանի երիտասարդությունն, իմ կարծիքով, ուրախ երիտասարդություն է, անհոգ, կմաղթեմ, որ միշտ այսպես ուրախ լինի: Դրսում ավելի շատ տխրություն կա, բայց այստեղ այդպես չէ, այն սթրեսը չկա, վտանգը չկա, որ այսինչ տեղը գնալ չի կարելի, այսինչ մարդկանց հետ շփվել չի կարելի, պետք է զգույշ լինել: Ամենակարևորը՝ մաղթում եմ խաղաղություն, ոչ մի հայ զինվոր թող չզոհվի, իսկ եթե զոհվի, ապա նրա մահն իզուր չլինի: