Այսօրվա դրությամբ ՀՀ-ում շուրջ 7000 գիտնական է ընդգրկված գիտպետկոմի ծրագրերում: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ կոմիտեի ստեղծման ժամանակ այդ թիվը կազմել է մոտ 6500:
Նա հիշեցրել է, որ 1988-ի տվյալներով Հայաստանում աշխատել է մոտ 33.000 գիտնական. «Մոտավորապես չորս ու կես անգամ գիտնականների թիվը պակասել է: Դա բավականին ծանր փաստ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Հայաստանից հեռացան այն գիտնականները, ովքեր պահանջարկված էին: Նրանք տարբեր զարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում զբաղեցրել են բավականին լուրջ դիրքեր և լուրջ հաջողություններ են գրանցել», - մեջբերում է Panorama-ն:
ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահի ներկայացրած տվյալներով՝ ներկայումս Հայաստանում 7000 գիտնականից գիտությամբ զբաղվում են մոտավորապես 4000. «Սակայն իրավիճակը ողբերգական չէ, նույնիսկ զարգացման միտում ունեցող իրավիճակում ենք»:
Գիտպետկոմի նախագահը հավելել է նաև, որ գիտության ոլորտին հատկացված բյուջեն քիչ է: