Տեղի է ունեցել «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստ՝ Ֆրանսուա Ռոշբլուանի մասնակցությամբ

20:25     26 սեպտեմբերի, 2016

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և նրան ուղեկցող անձանց, հայտնում են ԼՂՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի հետևողական քաղաքական գործունեությունը, ինչպես նաև վերջին շրջանում ակտիվ աշխատանքները՝ մշակույթի և հումանիտար ոլորտներում:

Իր հերթին Ֆրանսուա Ռոշբլուանը նույնպես ընդգծել է մշակութային կապերի, Արցախում ֆրանսերեն լեզվի և ֆրանսախոսության զարգացման կարևորությունը, որը լուրջ խթան է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ: «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահը հետաքրքրվել է սահմանին տիրող իրավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացով:

Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների մասնակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ոլորտների և բարեկամության շրջանակի առաջիկա ծրագրերի վերաբերյալ: 


© armedia.am