Սուրբ Իննոսենիայի՝ 300 տարի առաջ մահացած աղջկա մումիան բացել է աչքերը մեքսիկական Գվադալահարայի մայր տաճարում անցկացվող հոգևոր ծառայության ժամանակ: Խորհրդավոր դեպքի մասին տեսանյութը տարածվել է YouTube-ում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Տաճարի այցելուներից մեկը մումիայի սիրողական նկարահանում էր կատարում, երբ հանկարածակի, մի քանի վայրկյանով աղջկա աչքերը բացվում են, այնուհետև նորից փակվում:
Տեսանյութի հեղինակը չի կարողանում բացատրել եղելությունը: Տեսանյութի մեկնաբանություններում շատերը դա անվանում են կեղծիք, իսկ ոմանք ՝ հայտնություն:
Լեգենդի համաձայն, սուրբ Իննոսենիան մահացել է սեփական հոր ձեռքով 18-րդ դարում: Նա աղջկան սպանել է այն պատճառով, որ վերջինս ցանկանում էր հաճախել վանքին կից դպրոց: Մահից հետո տեղացիներն աղջկան սուրբ էին համարում: