Նյու Յորքում կայացել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի առաջին հրապարակային բանավեճը, որի հիմնական թեմաներ էին հայտարարվել «Բարգավաճման ուղին», «Ո՞ւր է գնում Ամերիկան» և «Ազգային անվտանգությունը»: Բանավեճի ժամանակ անդրադարձ է արվել տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ռասայական խնդիրներին, ոստիկանական բռնությանը, կիբեռանվտանգությանը, ահաբեկչության և «Իսլամական պետությանը»: Ըստ էության, արծարծվել են ընթացիկ նախընտրական քարոզարշավի ամենաառանցքային հարցերը: Սակայն, ինչպես և սպասվում էր, ընդդիմախոսներն ավելի շատ միմյանց մեղադրանքներ են ներկայացրել, քան խոսել իրենց նախընտրական ծրագրից: Մասնավորապես, Քլինթոնը նշել է, որ Թրամփն իր անհատական որակական հատկանիշներով պիտանի չէ նախագահի պաշտոնի համար: Քլինթոնը խոսել է նաև Թրամփի և նրա օգնականների՝ Ռուսաստանի հետ կապի մասին:
Իր հասցեին ուղղված մեղադրանքներին ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ քանզի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին չհաջողվեց շտկել իրավիճակը երկրում, պետք է թույլ տալ դա անել գործարարներին՝ ընդգծելով իր բիզնես ունակությունները: Թրամփը Քլինթոնին մեղադրել է մասնավորապես Մերձավոր Արևելքում քաոս առաջացնելու, գործազրկության հանգեցնող առևտրային համաձայնագրեր կնքելու մեջ: Բանավեճի ժամանակ չի անտեսվել նաև թեկնածուների առողջական խնդիրների և Քլինթոնի կողմից ծառայողական նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստն օգտագործելու հարցը:
Նշենք, որ նախագահի թեկնածուների արտահայտությունների իսկությունը ստուգող մասնագետները Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի ասածներում մեծաթիվ անճշտություններ և աղավաղումներ են հայտնաբերել: Օրինակ՝ Թրամփը հայտարարել է, որ սկզբում դեմ էր Իրաքում պատերազմին, ինչը հակասում է 2003 թ. նրա հայտարարություններին: Թրամփը նաև նշել է, որ Քլինթոնը «ամբողջ կյանքում պայքարել է ԻՊ-ի դեմ», մինչդեռ ԻՊ-ն Իրաքում հայտնվել է բավական ուշ՝ որպես «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների մասնաճյուղ, ոչնչացվել է ու նորից ստեղծվել՝ գրավելով Իրաքի և Սիրիայի ընդարձակ տարածքները 2014 թ., երբ Քլինթոնն արդեն չէր զբաղեցնում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների դեբատներն երկրի քաղաքական կյանքի ամենառանցքային իրադարձություններն են նախընտրական արշավի եզրափակիչ փուլում: Դրանց նպատակն է հստակեցնել թեկնածուների դիրքորոշումը ներքին և արտաքին քաղաքականության հարցերի շուրջ, ցույց տալ նրանց գործնական հատկությունները և օգնել ընտրողներին կատարել վերջնական ընտրություն: Սակայն, հարկ է նշել, որ, օրինակ, նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ անցկացված բանավեճերից հետո կայացած հարցումներն առավելություն էին տալիս նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին, սակայն հաղթեց դեմոկրատ Բարաք Օբաման:
Նշենք, որ դիտորդները նշում են, որ Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփից ավելի վստահ տեսք ուներ ԱՄՆ-ի նախագահի երկու գլխավոր թեկնածուների առաջին հեռուստաբանավեճի ընթացքում։ Time-ի և CNBC-ի օնլայն բաց քվեարկության համաձայն՝ բանավեճում հաղթել է Թրամփը, իսկ CNN-ի քվեարկությունն առավելություն է տալիս Քլինթոնին:
Թեկնածուները հրապարակավ բանավիճելու են ևս երկու անգամ: ԱՄՆ-ում ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 8-ին: Ինչպես ցույց են տալիս տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները՝ թեկնածուների հաղթանակի հնարավորությունը գրեթե հավասար է: