ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրենց ակտիվ աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ՝ խրախուսելով հարգել հրադադարը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների կրճատումը բանակցությունները հնարավոր են դարձնում, գրում է Aysor.am-ը:
Ուորլիքը նշել է, որ կողմերը պետք է միասին աշխատեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններն ի կատար ածելու ուղղությամբ՝ սկսած ԵԱՀԿ առաքելության ընդլայնումից:
«Արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հետ Նյու Յորքում ունեցած մեր առանձնազրույցների ժամանակ քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են բանակցությունները առաջ մղելու մթնոլորտ ստեղծել, ինչն էլ կարող է բերել կարգավորմանը», - ասել է ամերիկացի համանախագահը՝ հավելելով, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն մոտ ապագայում, «սակայն այցի օրերը դեռևս նախանշված չեն»: