«Ռուսաստանի ուղղաթիռներ» ԲԸ-ն և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիացիոն ձեռնարկությունն Ադրբեջանի տարածքում Մի-8/17 տիպի քաղաքացիական ուղղաթիռների նորոգման համատեղ ընկերություն կստեղծեն:
Կողմերն այս մասին համաձայնագիրն են ստորագրել Բաքվում ընթացող ADEX-2016 ռազմատեխնիկայի ցուցահանդեսի շրջանակում, ասվում է «Ռուսաստանի ուղղաթիռներ»-ի հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանն ԱՊՀ-ում ռուսական ուղղաթիռներ շահագործող առանցքային երկրներից է: Հենց դրանով է պայմանավորված այդ երկրում սպասարկման կենտրոն բացելու մասին մեր որոշումը»,-ասել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի հետվաճառքային սպասարկման գծով տեղակալ Իգոր Չեչիկովը:
Նշվում է, որ հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել նորոգման կենտրոնի հնարավորությունները և վերանորոգել նաև ռուսական արտադրության ռազմական ուղղաթիռներ:
«Համապատասխան բանակցություններն արդեն ընթացքում են»,-նշել է Չեչիկովը: