Նոր կազմավորվող կառավարության նպատակն է, որ բիզնեսը «շնչի»: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
«Այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք, նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն՝ տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ակնկալում է գործնական, նաև ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի բիզնես միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն առաջարկել է բանկային համակարգի ներկայացուցիչներին մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը, այդպիսով նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի ակտիվացմանը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ ներկայացրել է դրամավարկային քաղաքականությունը, տնտեսության վարկավորման հետ կապված ընդհանուր իրավիճակը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարապետյանը հանձնարարել է կառավարության ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող նախարարներին քննարկել ներկայացված առաջարկությունները և բանկային համակարգի ներկայացուցիչների հետ շարունակել համատեղ աշխատանքը՝ բարձրացված խնդիրների լուծման և տնտեսության առանձին ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ: