Իրանն այսօր տարածաշրջանում լուրջ դեր ունի, և նման պետության հետ հարաբերություններ խորացնելը բխում է ՀՀ շահերից. Գոհար Իսկանդարյան
ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ, ով օրերս ներկայացրեց իր նոր աշխատությունը՝ «Հայաստան-Իրան հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո», որտեղ փորձ է արվել նորովի և համապարփակ ներկայացնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկան:
- Ի՞նչ նպատակ էիք հետապնդում այս գիրքը գրելիս: Որքանո՞վ է այն պահանջարկ վայելում այստեղ:
- Գիրքն իր բնույթով առաջին փորձն է, երբ մեկ աշխատության մեջ համատեղվել է երկու բարեկամ երկրների առանցքային խնդիրները վերջին 20 տարվա ընթացքում` անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, գիտամշակութային և այլ ասպեկտներին: Հայ-իրանական ներկա հարաբերությունների ուսումնասիրությունը գտնվում է հայ արևելագետների ուշադրության կենտրոնում, այն պարզ պատճառով, որ Իրանն այսօր տարածաշրջանում լուրջ դերակատարություն ունի, և նմանատիպ պետության հետ հարաբերություններ խորացնելը բխում է Հայաստանի շահերից: Հատկանշական է, որ Հայաստանի չորս հարևաններից երկուսը շրջափակման մեջ են պահում երկիրը, և 1990-ական թվականների սկզբներին` Հայաստանի համար օրհասական ժամանակահատվածում, մեր հարավային հարևանն իր օգնության ձեռքը մեկնեց, որն, անշուշտ, փրկության, թթվածնի մի նոր աղբյուր էր: Հայաստան-Իրան ավելի քան 20-ամյա հարաբերություններին աչալրջորեն հետևում են ինչպես տարածաշրջանի երկրներն` Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանն, այնպես էլ արտատարածաշրջանային երկիր համարվող Միացյալ Նահանգները: Կա այն թյուրըմբռնումը, թե Միացյալ Նահանգները, ելնելով իր արտաքին քաղաքական կուրսից, պետք է որ առավել քան կոշտ քաղաքականություն իրականացնի Հայաստանի նկատմամբ՝ Իրանի հետ բարեկամական հարաբերություններ արձանագրելու համար: Սակայն իրականությունն այն է, որ Միացյալ Նահանգներում ևս շատ լավ պատկերացնում են, որ Հայաստան-Իրան հարաբերությունների բարեկամական բնույթն այս պահին այլընտրանք չունի, քանզի Հայաստանը շրջափակված է երկու հարևանների կողմից:
Հայ-իրանական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, սակայն սույն աշխատանքն անդրադառնում է Հայաստան-Իրան հարաբերություններին Հայաստանի անկախացումից հետո` ներկայացնելով հայ-իրանական տնտեսական, քաղաքական, գիտամշակութային կապերը, ինչպես նաև` Ղարաբաղյան հակամարտության և Հայոց ցեղասպանության նկատմամբ Իրանի դիրքորոշմանը: Գրքում առանձին ենթագլխով անդրադառնում ենք նաև Իրանի հայ համայնքին, նրանց խնդիրներին:
- Հատկապես ի՞նչ հարցեր եք արծարծում գրքում:
- Առաջին գլխում` որը վերնագրված է «Հայաստան-Իրան քաղաքական հարաբերությունները» ներկայացվում է հայ-իրանական հարաբերությունների հիմնարկեքը, ղարաբաղյան խնդրի շրջանակներում Իրանի իրականացրած միջնորդական առաքելությունը, հարաբերությունների հետագա ակտիվացման փուլը և այլն:
Երկրորդ գլուխը` որը վերնագրված է «Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները», անդրադառնում է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման խնդիրներին, Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններին, Հայաստան-Իրան էներգետիկ ոլորտի զարգացմանը, զբոսաշրջությանը և այլն:
Երրոդ գլուխը` «Հայաստան-Իրան գիտամշակութային հարաբերությունները» հիմնականում անդրադառնում են երկու երկրների գիտական և մշակութային ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղություններին:
Չորրորդ գլուխը` վերնագրված է «Իրանի դիրքորոշումը հայության համար կարևոր խնդիրների շուրջ», որտեղ հիմնական շեշտադրումը դրվում է Իրանի մոտեցումները հայ համայնքի նկատմամբ, Իրանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և Իրանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ թեմաներին:
Գրքում փորձ է արվել վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք երկու երկրների ղեկավարության կողմից հարթվել են տարիների ընթացքում, ինչպես նաև այն խնդիրները, որոնք կարիք ունեն հավելյալ ուշադրության: Ներկայացված են այն խնդիրները, որ ունեցել են երկու երկրները վերջին 20 տարվա ընթացքում, ինչը հայ-իրանական դիվանագիտական փորձի փոխանցումն է սկսնակ դիվանագետներին` ավելի լավ հասկանալու գործունեության դաշտը և շրջանցելու առկա խնդիրները:
Գրքում զետեղված է նաև հարցազրույցների խիստ կարևոր շարք, քանզի առաջին անգամ փորձ է արվել մեկտեղել հայ-իրանական հարաբերություններում իրենց ավանդն ունեցող և խնդիրներին քաջատեղյակ անձանց կարծիքները, ովքեր բավական լավ գիտեն հայ-իրանական հարաբերությունների բոլոր ծալքերը:
Հայ-իրանական հարաբերություններում իրենց ուրույն տեղն ու դերը ունեցող նախկին և ներկա պետական պաշտոնյաների, Իրանում հայկական թեմերի ներկայացուցիչների հետ իրականացրած հարցազրույցների հարցազրույցների նպատակն էր, պահպանելով տրամաբանական շղթան` միևնույն ժամանակ ճշտել և հանրությանը ներկայացնել Հայաստան-Իրան հարաբերությունների նկատմամբ մեր պետական այրերի մոտեցումները, ինչպես նաև վեր հանել Իրանում գոյություն ունեցող կարծիքները Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ: