Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել կնոջ դեմքն ամբողջությամբ ծածկող մուսուլմական հանդերձանքի արգելքի մասին օրինագծին: Նիքաբը, փարանջան, բուրկինին եւ չադրաներն արգելող օրինագծին կողմ է արտահայտվել 88 պատգամավոր, դեմ՝ 87-ը, հայտնում է BBC-ն:
Երկրում անցկացված հարցումների համաձայն՝ օրինագիծը պաշտպանում է հարցվածների 71 տոկոսը:
Դեմքը ծածկող հագուստն արգելող օրինագծի հեղինակը Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Վալտեր Վոբմանն է: Նրա կարծիքով՝ արգելքը կօգնի պահպանել Շվեյցարիայի ազգային մշակույթը և պաշտպանել երկիրն արմատական իսլամից:
Որպես հիմք է ընդունվել Տիչինո կանտոնայում գործող նմանատիպ օրենքը, որն ընդունվել էր տարածաշրջանային հանրաքվեով դեռևս 2013-ին՝ արգելելով հիջաբ, գլխաշոր կամ նիքաբ կրելը: Օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 7-ին, իսկ օրինախախտներին 9200 եվրո տուգանք է սպառնում:
Օրենքի կատարման վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, որի նպատակով ներքին գործերի վարչությունում հատուկ հաստիք է սահմանվելու` «միջմշակութային միջնորդ», ով սովորեցնելու է իրավապահ մարմինների աշխատակիցներին, թե ինչպես է պետք վարվել պոտենցիալ օրինախախտների հետ:
Որպեսզի արգելքը գործի պետական մակարդակով, այն պետք է հավանություն ստանա նաև Շվեյցարիայի վերին պալատի պատգամավորների կողմից, իսկ հետո նաև կառավարության:
Նշենք, որ հանրային վայրերում հիջաբ կրելու արգելքը գործում է մի քանի այլ եվրոպական երկրներում ևս: Մասնավորապես Ֆրանսիայում համանման օրենքն ուժի մեջ է մտել 2011-ին: Դրանից հետո մի քանի մահմեդական կանայք դիմել էին դատարան` բողոքելով դավանանքի իրավունքի սահմանափակման դեմ: 2014-ի հուլիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատեց իշխանությունների պահանջի օրինականությունը: Ֆրանսիայում հիջաբ կրելու համար 150 եվրո տուգանք է սպառնում:
Իսկ այս տարի Ֆրանսիայի մի քանի հարավային քաղաքներում արգելել են նաև «բուրկինին»՝ հատուկ փակ հանդերձանքը լողի համար: Շատ իրավապաշտպան ակտիվիստներ փորձել են վիճարկել այդ որոշումը դատարանում: