Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկի՝ հայազգի Բալյան ընտանիքի ընտանեկան դամբարանը նորոգված վիճակում այցելուների համար կվերաբացվի հոկտեմբերի 1-ից, հայտնում է tert.am-ը՝ թուրքական arkitera.com կայքին հղումով:
Վերջինիս փոխանցմամբ՝ Ստամբուլի Սբ Կարապետ հայկական գերեզմանատանը գտնվող դամբարանը նորոգվել է Ստամբուլում գործող «Հայ ճարտարապետների միության» ու Հրաչ և Հակոբ Քըրմըզյանների անմիջական աջակցությամբ:
Ծագումով Կեսարիա քաղաքից Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալիանի» իտալական տոհմ: