Թուրքիայում ոչ մուսուլման աշակերտներին և մասնավորապես՝ հայ երեխաներին իսլամի դասերից ազատելու համար նրանցից մկրտության փաստաթուղթ են պահանջում, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Bianet» լրատվակայքին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հայ երեխաների ծնողների ու ներկայացուցիչների համար անհասկանալի է այս հանգամանքը, քանի որ երեխաների անձնագրային քարտերում նշված է նրանց քրիստոնյա լինելու հանգամանքը:
Նշվում է նաև, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Իզմիրի պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն հարցը բերել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ: Քյուրքչուն թեմայի վերաբերյալ հատուկ հարցում է ներկայացրել մեջլիս՝ ակնկալելով ազգային կրթության նախարար Իսմեթ Յըլմազի պատասխանը:
Պատգամավորը մասնավորապես փորձել է ճշտել, թե քրիստոնյա աշակերտներին ուղղված այդ քայլը որքանով է հիմնավորված, կա՞ արդյոք նախարարությունից բոլոր դպրոցների տնօրեններին տրված նման հրահանգ: Քյուրքչուն նաև հարց է ուղղել կրթության նախարարին, թե արդյոք նախարարությունը դպրոցի ներկայացուցիչների այս պահանջը չի համարում աշակերտների իրավունքների ոտնահարում: Եվ եթե կրթության նախարարությունը տեղյակ չէ այս դեպքերից, ապա ի՞նչ քայլեր է ձեռնարկել՝ դեպքերը քննելու համար: