Այսօր մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի Կովկաս այցելության երկրորդ փուլը, որի շրջանակում նախատեսված է Վրաստան և Ադրբեջան այցելությունները: Ավելի վաղ հունիսի 24-26 Կովկաս այցելության շրջանակում Հռոմի պապն այցելել էր Հայաստան: Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում և Ադրբեջանում Հռոմի պապի այցի նկատմամբ վերաբերմունքն այդքան էլ միանշանակ չէ:
Վրաստանում դժգոհ են
Հռոմի պապը Վրաստան ժամանել է Վրաստանի պատրիարքի և նախագահի հրավերով: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահի, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի, իշխանության և դիվանագիտական անձնակազմի, ինչպես նաև տեղի ասորի-խալդիական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների և կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների հետ: Հռոմի պապը նաև պատարագ կմատուցի Թբիլիսի Միխայել Մեսխիի անվան մարզադաշտում:
Վրաստան այցի լոգոտիպի վրա պատկերված է քրիստոնեությունը Վրաստան բերած սուրբ Նինայի ավանդական խաչի ոճով խաչ, որի երկու կողմերի կարմիր և դեղին գույները խորհրդանշում են Վատիկանի և Վրաստանի դրոշի գույները: Լոգոտիպի վրա լատիներենով գրված է «Խաղաղություն բոլորին», ինչը Հռոմի պապի Վրաստան այցի կարգախոսն է:
Նշենք, որ Sputinik գործակալության վրացական ծառայության անցկացրած հարցման համաձայն՝ վրացիների ավելի քան 45 տոկոսը Հռոմի պապի այցելությանը որևէ նշանակություն չի տալիս: Վրացական հասարակության մի հատված էլ նույնիսկ դժգոհություն է հայտնում այդ կապակցությամբ:
Այսպես, սեպտեմբերի 23-ին «Ուղղափառ ծնողների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ այդ թվում նաև հոգևորականներ, բողոքի ակցիա են անցկակցրել Թբիլիսիում Վատիկանի դեսպանատան դիմաց Հռոմի պապի նախատեսվող այցելության դեմ: Այս կապակցությամբ Վրաց ուղղափառ եկեղեցին հանգստության կոչ է արել հասարակությանը: «Վրացական պատրիարքությունն անընդունելի է համարում Հռոմի պապի այցի կապակցությամբ Վրաստանի մի շարք հոգևոր անձանց կողմից դժգոհության արտահայտումը և բոլորին հանգստության կոչ է անում», - ասվում է պատրիարքարանի հայտարարությունում:
Վրացական եկեղեցին նշում է, որ եկեղեցական կանոնների համաձայն ուղղափառները չեն մասնակցում կաթոլիկ պատարագին: «Բանականաբար Հռոմի պապը պատարագ կմատուցի կաթոլիկների համար, և պետք չէ դա համարել պրոզելիթիզմ ( իր կրոնին դավանափոխելու ձգտում), ինչպես որ պնդում են որոշները», - նշվում է վրացական եկեղեցու տարածած հայտարարությունում:
Հարկ է նշել, որ Թբիլիսին Հռոմի պապի այցը կարևորում է ոչ այնքան կրոնական, որքան աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ Վատիկանը և մասնավորապես՝ Հռոմի պապը կարևոր դերակատարում ունեն միջազգային հարաբերություններում: Նշենք, որ Վրաստանում Հռոմի պապի այցելությունը կարևորում են հատկապես երկրի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու և «օկուպացված տարածքները» չճանաչելու քաղաքականության տեսանկյունից:
Ադրբեջանում Հռոմի պապին ընկալում են որպես հայամետ գործիչ
Վրաստանի Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 2-ին մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջանը: Բաքվի Սուրբ կույս Մարիամի եկեղեցում Պապը սուրբ պատարագ կմատուցի։ Ճաշից հետո Ֆրանցիսկոս Պապը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի շրջանակներում նախատեսված է այցելություն Անկախության համար զոհվածների հուշահամալիր։ Այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հուշահամալիր այցելություն նախատեսված չէ։ Պապը կհանդիպի նաև Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի, երկրի տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ և նույն երեկոյան կվերադառնա Հռոմ։
Հռոմի պապի Ադրբեջան այցը կընթանա «Մենք բոլորս եղբայրներ ենք» կարգախոսի ներքո: Այցի լոգոտիպն իրենից ներկայացնում է հրե հողագունդ պատկերող կրակի երկու լեզվակներ՝ ներկված Ադրբեջանի դրոշի գույներով, որոնք փաթաթվում են կաթոլիկ եկեղեցին խորհրդանշող դեղին խաչին: Կրակի լեզվի ձևը հիշեցնում է սիրտ, որի կենտրոնից շողեր են արձակվում ի նշան կաթոլիկ եկեղեցու հայտարարած Բարեսրտության տարվա:
Ադրբեջանցիները Հռոմի պապի այցելությունը դիտարկում են որպես իրենց երկրի աճող միջազգային հեղինակության նշան, քանի որ Ադրբեջանը Հռոմի պապի հայրապետական այցի կարիք չկա. Ադրբեջանում ոչ միայն կաթոլիկներ են քիչ, այլև այն մուսուլմանական երկիր է: Բաքվում վստահ են, որ դա հանդուրժողականության և Ադրբեջանի ֆինանսական օգնության համար երախտիքի նշան է: Ադրբեջանում նաև վստահեցնում են, որ Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության բնորոշումը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և հիշատակի պատարագի մատուցումը որևէ կերպ չի անդրադառնա պապի այցի վրա: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից ակնհայտ է, որ Ադրբեջանում Հռոմի պապին ընկալում են բացառապես որպես հայամետ գործիչ: