Նիկոլաս Սարկոզի. Ժամանակն է ասելու, որ Թուրքիայի տեղն Ասիայում է

19:06     29 սեպտեմբերի, 2016

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին պատրաստվում է թեկնածություն դնել  հաջորդ տարվա նախագահական ընտրություններում: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը՝ Սարկոզին խոսել է այն մասին, թե հատկապես ինչ ծրագրեր ունի նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում:

Նշել է, որ նախագահ դառնալու դեպքում առաջին հերթին նախապատրաստելով Եվրամիության նոր պայմանագիր, կփորձի համոզել Անգլիային՝ դուրս չգալ Եվրամիությունից (ԵՄ): Երկրորդ կարևոր գործը, որ նախատեսում է անել Սարկոզին, դա Թուրքիայի հետ ընթացող եվրաինտեգրման բանակցությունների դադարեցումն է:

«Գուցե եկել է ժամանակն ասելու, որ Թուրքիայի տեղը Ասիայում է: Ես հավատարիմ եվրոպացի եմ: Երբևէ չեմ մտածել  ԵՄ-ից դուրս գալու մասին, բայց ԵՄ-ն էլ պատշաճ կերպով չի աշխատում»,- հավելել է Սարկոզին:


© armedia.am