«Արևելյան գործընկերության» երկրների մշակույթի նախարարները Թբիլիսիում կմասնակցեն «Ստեղծագործական Վրաստան. մշակույթը և ստեղծագործությունը ինովացիաների և զարգացման համար» առաջին ազգային մշակութային համաժողովին: Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության տեղեկացմամբ՝ միջոցառումը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 8-9-ը:
Բացի գերատեսչությունների ղեկավարներից, համաժողովին կմասնակցեն նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Եվրահանձնաժողովի գլխավոր դիրեկտորատների ներկայացուցիչներ, տեղի և միջազգային փորձագետներ, ինչպես նաև երկրի մշակութային և ստեղծագործական սեկտորների պրոֆեսիոնալներ:
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ համաժողովի մասնակիցները կքննարկեն «Արևելյան գործընկերության» ծրագրերի առաջավոր փորձի փոխանակման հնարավորությունները, տարբեր կողմերի համագործակցության խորացման հարցերը, ինչպես նաև կքննարկեն մշակույթի զարգացման բնագավառում Եվրախորհրդի փորձի փոխանակման ժամանակակից միտումները:
Armenpress-ի տեղեկացմամբ, համաժողովի շրջանակներում պլանավորվում է նաև ընդունել Արևելյան գործընկերության տարածաշրջանում ստեղծագործական ինդուստրիաների զարգացման վերաբերյալ Թբիլիսիի հուշագիրը: