Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով վնասված խորհրդարանի շենքը վերանորոգելիս որոշում է կայացվել սրահներից մեկում տասնյակ տարիներ կախված Աթաթուրքի պատկերով գորգը, որտեղ թուրք առաջնորդը ռազմական համազգեստ է կրում, հեռացնել տվյալ վայրից: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Cumhuriyet» թերթի կայքին:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչ Սալիմ Ուսլուն այս որոշումը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ճիշտ չէ այդ ռազմական համազգեստով նկարը տեղադրել այնտեղ այն դեպքում, երբ մեջլիսում Աթաթուրքի հարյուրավոր քաղաքացիական նկարները կան: Այդ նկարը հարմար կարող է լինել որևէ զորանոցում, բայց մեջլիսում ոչ մի դեպքում չպետք է լինի»:
«Haber Ankara» լրատվակայքի սյունակագիր Ազիզ Դոլու Աթաբեյի տեղեկացմամբ՝ Աթաթուրքի նկարը կրող վերոնշյալ գորգը պատրաստված է եղել Ադրբեջանում: Այն տարիներ առաջ Թուրքիայի մեջլիսի նախկին նախագահ Հյուսմեթթին Ջինդորուքին է նվիրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը: