Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատությունների է ենթարկել Եվրամիությանը միգրացիոն համաձայնագրի շրջանակներում իրենց հասանելիք ֆինանսական միջոցներն ամբողջովին չփոխանցելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԵՄ մեզ 3 մլրդ եվրո է խոստացել: Այդ երեք միլիարդից մենք ստացել ենք ընդամենը 179 մլն եվրո: Խոստացված գումարները մեզ մոտ չեն գալիս, փոխարենը գալիս են փախստականները: Նրանք խոստանում են, սակայն իրենց խոսքին տեր չեն կանգնում: Մինչդեռ մեզ համար միևնույն է՝ կստանանք մենք այդ փողերը, թե՝ ոչ: Մենք կշարունակենք ընդունել մարդկանց, ովքեր փախել են պայթող ռումբերից»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում անցկացվող գիտական և տեխնոլոգիական մի համաժողովի:
Նշենք, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները մարտ ամսին Թուրքիայի հետ համաձայնության էին եկել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագրի մասով: Դրանով, մասնավորապես, դիտարկվում էր դեպի Թուրքիա վերադարձ բոլոր անօրինական միգրանտների, ովքեր Հունաստան էին ժամանել Թուրքիայի տարածքով, և ԵՄ կողմից Թուրքիայից օրինական սիրիացի միգրանտների ընդունում «մեկին մեկ» սկզբունքով:
Այդ պայմանավորվածությունների շրջանակում մայիսին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին և ԵՄ Խորհրդին առաջարկում է Թուրքիայի քաղաքացիների համար հանել վիզային ռեժիմը, եթե իհարկե, Անկարան մինչև հունիսի վերջ կատարեր վիզային ռեժիմի համար պահանջվող բոլոր պարտավորությունները: Իր հերթին Թուրքիայի նախագահը ԵՄ –ին սպառնում է միգրացիոն համաձայանգրի չեղարկումով, եթե ԵՄ առանց վիզային ռեժիմի հնարավորությունն իր քաղաքացիների համար չտա: