ԱՄՆ գալիք ընտրություններն ու Հայաստանը

21:50     3 հոկտեմբերի, 2016

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները մոտենում են եզրափակչին: Նոյեմբերի 8-ին կկայանա տարվա ամենակարևոր քաղաքական իրադարձություններից մեկն աշխարհում, որի արդյունքներից բավական շատ բան է կախված:

ԱՄՆ նախագահի ընտրությունը կարելի է ասել «համաշխարհային ընտրություն» է՝ հաշվի առնելով այդ երկրի ազդեցությունը բոլոր տարածաշրջաններում: Այդ ընտրություններն այս կամ այն չափով իրենց կարևորությունն ու հետաքրքրությունն ունեն նաև Հարավային Կովկասի երկրների, այդ թվում Հայաստանի համար:

Թեկնածուները, ինչպես հայտնի է, երկուսն են՝ սկանդալային միլիարդատեր Դոնալդ Թրամփը՝ Հանրապետական կուսակցությունից, ով ավելի շատ մեկուսացման քաղաքականության կողմնակից է  և չի ցանկանում ԱՄՆ-ին շատ ներգրավել տարբեր հակամարտությունների մեջ, և երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Դեմոկրատական կուսակցությունից, ով ավելի լավ է տեղեկացված մեր տարածաշրջանային:

Քաղաքագետները պնդում են, որ Թրամփը  խիստ սահմանափակ պատկերացումներ ունի Հարավային Կովկասի մասին: Նրա միակ փորձը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բիզնես մակարդակով առնչություն ունենալը, իսկ Քլինթոնն անձամբ եղել է թե՛ Բաքվում, թե՛ Երևանում և շատ լավ գիտի Ղարաբաղյան հակամարտության նրբությունները:

Քլինթոնը նաև քաջատեղյակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ, որոնց կարգավորման արձանագրությունների գործընթացի ժամանակ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ՝ դեռևս ԱՄՆ պետքարտուղար եղած ժամանակ:

Բացի այդ, պետք է նշել, որ Քլինթոնը, ինչպես նաև ամբողջ դեմոկրատական կուսակցությունը ավելի սերտ հարաբերություններ ունեն ամերիկահայ քվեարկողների և լոբբիստական կազմակերպությունների հետ:

Չնայած Օբամայի օրոք ապրած հիասթափությունից հետո նույն լոբբիստական կառույցները մեծ ակնկալիքներ չունեն ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, այնուամենայնիվ ամերիկահայ համայնքն առավել հակված է աջակցել հենց Քլինթոնին:


© armedia.am