Հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի շրջանակներում նախատեսված են քննարկումներ ռազմական հեղաշրջման ֆոնին Թուրքիայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ուկրաինական հակամարտության քաղաքական հետևանքների և Կիևի վերահսկողության տակ չգտնվող տարածքներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Խորհրդարանականները կքննարկեն նաև երեխաների իրավունքները, Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության հարցը, կներկայացվեն Բելառուսի և Հորդանանի խորհրդարանական ընտրությունների դիտորդական եզրակացությունները, անդրադարձ կարվի միգրացիոն քաղաքականության վրա Եվրոպայի բնակչության ազդեցությանը:
Նստաշրջանում ելույթ կունենան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Մևլութ Չավուշօղլուն։ ԵԽԽՎ-ում ելույթ կունենա նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։ Կքննարկվի «Պանամական թղթերի դասերը՝ ապահովելու համար ֆինանսական և սոցիալական արդարությունը» զեկույցը, որի զեկուցողն է Ավստրիայի պատգամավոր Շտեֆան Շեննախը, ով նաև Ադրբեջանի հարցով համազեկուցողն է։
Էստոնիայի ԱԳ նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող, կներկայացնի նախարարների կոմիտեի գործունեությունը և կպատասխանի պատգամավորների հարցերին։ Նախատեսվում է նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթը։
Նստաշրջանի ընթացքում կհայտարարվի Մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակաբաշխության հաղթողի անունը: Մրցանակի հավանական դափնեկիրներն են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից փախած ազգությամբ եզդի Նադիա Մուրադը, մարդու իրավունքների և մամուլի ազատության ակտիվ պաշտպան, սերբ լրագրող Գորդանա Իգրիչը և René Cassin հիմնադրամը, որը 1969 թվականից աշխատում է ուսուցման և հետազոտությունների միջոցով մարդու իրավունքների և խաղաղության խթանման համար։
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կավարտվի հոկտեմբերի 14-ին։