«Որոշ մարդիկ այն անվանում են Փարիզ Կասպից ծովում, որոշներն էլ ասում են, որ այն տարածաշրջանի խավիար արտադրող Դուբայն է», - գրում է The Economist–ում հրապարակված հոդվածի հեղինակը՝ նկատի ունենալով Ադրբեջանն ու դրա խավիարային դիվանագիտությունը, որը նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը շեղել երկրում մարդու իրավունքների ծանր վիճակից:
«Ադրբեջանն Արևմուտքում զբաղվում է ուժեղ լոբբինգով՝ օգտագործելով իր խորհրդատվական գործակալություններն ու PR ընկերությունները, կազմակերպելով խնջույքներ ու կոնֆերանսներ Բաքվի հյուրանոցներում, հանձնելով զանազան նվերներ օտարերկրացիներին, այդ թվում ` թանկարժեք գորգեր և ձկան դելիկատեսներ, ինչն էլ հենց կոչվում է «խավիարային դիվանագիտություն» - գրում է իր հոդվածում Մեթյու Վալենսիան:
Հոդվածի հեղինակը նշում է նաև, որ Ադրբեջանը կարող է ձերբակալել մարդկանց ֆեյսբուքում «ոչ պատշաճ» գրություններ թողնելու և անգամ այդ գրությունները հավանելու համար: Իսկ նրանք, ովքեր կրկին ձեռք են բերում ազատություն, այդուհետ ապրում են ստվերում:
Վալենսիան հիշեցնում է, որ Ալիևը փոխարինեց իր հորը՝ Հեյդար Ալիևին, 2003թ.-ի կեղծված ընտրությունների արդյունքում, իսկ ավելի ուշ դարձավ Ադրբեջանում նախագահական ժամկետի սահմանափակումը վերացնելու հանրաքվեի նախաձեռնողը:
«Ադրբեջանում հիմա 100-300 քաղբանտարկյալ կա: Այս երկիրը զբաղեցնում է 163-րդ տեղը 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով՝ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալների:
Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանն ակտիվորեն ներգրավված է արվեստի հովանավորչության մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ Ադրբեջանը վճարել է Եվրոպայում բազմաթիվ վերակառուցման նախագծերի համար, մասնավորապես Ֆրանսիայում, որտեղ 1 մլն եվրո տրամադրել է Լուվրին, ինչպես նաև մասնակցել է նորմանդական միջնադարյան եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Որոշ քաղաքագետներ սա որպես Ֆրանսիայի կառավարությանը հաճոյանալու փորձ են դիտարկում, քանի որ Ֆրանսիան շատ ավելի սերտ դիվանագիտական հարաբերություններ ունի Հայաստանի հետ, քան Ադրբեջանի, նշում է The Economist–ը: