Ալիևի մոտ ամրապնդվում է ամենաթողության զգացումը. Քոչարյան

14:47     9 հոկտեմբերի, 2016

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է news.am լրատվական կայքի հարցին` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի արձագանքը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը:

«Իլհամ Ալիևի արձագանքը հետևանք է այն բանի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները երկար ժամանակ հանդուրժում են նրա սադրիչ հռետորաբանությունն ու գործելաոճը», - նշել է Քոչարյանը:

«Հենց համանախագահների այդ մոտեցման պատճառով է, որ Ալիևի մոտ ամրապնդվում է ամենաթողության զգացումը, ու Բաքուն ավելի է սաստկացնում իր անհարգալից կեցվածքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու նրանց առաջարկությունների հանդեպ։

Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին բանակցությունների առաջ մղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև փաստացի մերժում է հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման՝ համանախագահ երկրների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքները»։


© armedia.am