Ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են Մորդովիայի Ինքնավար Հանրապետությունում գտնվող մի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Նրա առողջական վիճակն այս պահին որոշակիորեն լավ է, սակայն նման բանտային պայմանները հակացուցված են նրան: Սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց իրավաբան Հայկազ Մակարյանը: «Վերջերս մի խումբ հայտնի փաստաբաններ հայտարարել են, որ անհասկանալի է, թե ինչպես են առանց հանցակազմի բացակայության, լուրջ փաստերի Լևոն Հայրապետյանին բանտում պահում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մակարյանը՝ հայտնելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լևոն Հայրապետյանը մի քանի միլիոն դոլար է փոխանցել արցախյան ֆոնդին: Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չպետք է անգործություն դրսևորեն, այլ քայլեր պետք է ձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ: Նա կոչով դիմեց ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լևոն Հայրապետյանի արտահանձնման հարցը: «Լևոն Հայրապետյանը երկքաղաքացիություն ունի, իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական մի քանի պայմանագրերում կան կետեր, որ նման դեպքերում արտահանձնումը հնարավոր է, հատկապես մի մարդու դեպքում, ով անգամ Պետական դումայի կողմից մեդալ է ստացել: Մեր իշխանությունները պետք է բաց կոչով դիմեն Պետդումային, որպեսզի անհապաղ արտահանձնում լինի կամ գոնե տնային կալանք կիրառվի Լևոն Հայրապետյանի նկատմամբ»,- հավելեց Մակարյանը: