Աշխարհում յուրաքանչյուր յոթ վայրկյանում 15-ից ցածր տարիքի աղջիկ է ամուսնանում: Այդ մասին ասված է Save the Children բարեգործական կազմակերպության զեկույցում:
Վաղ ամուսնություններն առանձնապես տարածված են աղքատ երկրներում, որտեղ տեղի են ունենում զինված հակամարտություններ և հումանիտար ճգնաժամեր: Օրինակ, հաճախ աղջիկներին ամուսնացնում են փախստականների ընտանիքներում, որպեսզի նրանց փրկեն աղքատությունից:
Կազմակերպության զեկույցում կազմվել է աշխարհի երկրների վարկանիշը՝ կախված այն հնարավորություններից, որ նրանք տալիս են աղջիկներին: Վարկանիշի վերջնամասում գտնվում են Նիգերը, Չադը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Մալին և Սոմալին: Բոլոր այս երկրներում աղջիկները վաղ են ամուսնանում և վաղ են երեխաներ ունենում, նրանք հաճախ են մահանում ծննդաբերելիս և հազվադեպ են կրթություն ստանում:
Վարկանիշը գլխավորել են Հյուսիսային Եվրոպայի երկրները՝ Շվեդիան, Ֆինլանդիան և Նորվեգիան: