Դիմացինին մեղադրելով և սպառնալով սեփական բացերը և թերությունները քողարկելու ռազմավարությունը քաղաքականության մեջ շատ հաճախ կիրառվող տեխնիկաներից է: Սրա դրսևորումներին մենք բազմիցս ականատես ենք եղել ադրբեջանական կողմի վարած քաղաքականության մեջ:
Բանակցային ողջ գործընթացում ադրբեջանական կողմը տարիներ շարունակ ոչ միայն հավատարիմ է մնացել իր այս քաղաքականությանը, այլև տարեցտարի զարգացրել է այն: Եթե նախկինում ադրբեջանական կողմը մեղադրում, վարկաբեկում և սպառնում էր միայն հայկական կողմերին, ապա այսօր Ադրբեջանի նման քաղաքականության թիրախ են դարձել նաև միջազգային հանրությունը և առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահող երկրները: Ասվածն ավելի լավ պատկերացնելու համար բավարար է միայն աչքի անցկացնել Ադրբեջանի նախագահի՝ վերջին մի քանի տարիներին թեմայի շուրջ ունեցած ելույթները:
Դրա վերջին վառ օրինակ էր նախորդ շաբաթ կառավարության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համանախագահներին և մասնավորապես ԱՄՆ-ին ուղղված ելույթը: Ելույթում վերջինս այնքան հեռուն գնաց, որ խախտելով բոլոր դիվանագիտական նորմերը՝ ԱՄՆ-ին բացահայտ մեղադրեց հովանավորչության մեջ:
Եթե փորձենք վերլուծել և հասկանալ ադրբեջանական կողմի նման պահվածքի դրդապատճառները, ապա դրանց շարքում, թերևս, նախևառաջ պետք է խոսենք միջնորդների, այս դեպքում մասնավորապես ԱՄՆ-ի՝ այս տարիների ընթացում Ադրբեջանի հանդեպ շարունակ վարած ամենաթողության քաղաքականության մասին: Միջնորդների նման քաղաքականությունը հասավ իր գագաթնակետին ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ համանախագահները «աչք փակեցին» և համարժեք չարձագանքեցին անգամ ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիվ ռազմական գործողություններին:
Ադրբեջանի նման պահվածքի և այդ պահվածքին միջնորդների տված նման ոչ ադեկվատ արձագանքի դեպքում անհնար է ադրբեջանական կողմից որևէ կառուցողական դիրքորոշում ակնկալել բանակցային սեղանին: Սա փաստ է, որ միջնորդները պետք է վաղ թե ուշ գիտակցեն և համապատասխան քայլեր ձեռնարկեն: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմի՝ արդեն միջնորդներին ուղղված նման պահվածքը, եթե նախկինում միայն զարմանք էր առաջացնում, այսօր արդեն սկսում է մի շարք հարցերի տեղիք տալ այդ նույն միջնորդների կոմպետենտ լինելու մասին:
ԱՄՆ-ն առնվազն պետք է վերլուծի, թե ինչպես է թույլ տվել Ալիևին նման տոնայնությամբ խոսել իր հետ: