Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ հայտարարությամբ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում իր վրա ճնշում է գործադրվում՝ ստիպելով ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ըստ նրա՝ դրան է ուղղված նաև արևմտյան ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցվող քննադատությունը: Ադրբեջանի նախագահն արեց ևս մեկ ուշադրության արժանի դիտարկում, նա նշեց, որ քանի դեռ իրենք գտնվում են իշխանության մոտ, Ադրբեջանը դրան երբեք չի համաձայնի:
Նման շեշտադրումներ պարունակող հայտարարության պատճառները բազմաթիվ են՝ համանախագահներին ուղղված շանտաժից և այդ նպատակով բանակցային որոշ դետալների հրապարակայնացումից մինչև ադրբեջանական հանրության աչքերում հերոսանալու և սեփական ուժը ցույց տալու փորձ: Սակայն առավել ուշագրավ են ոչ թե դրդապատճառները, այլ հետևությունները, որ կարելի է անել այս հայտարարությունից:
Առաջին՝ փաստացի Ադրբեջանի իշխանություններն առաջին դեմքի մակարդակով ողջ բանակցային գործընթացի ընթացքում առաջին անգամ խոստովանեցին, որ բանակցային սեղանին դրված է ԼՂՀ անկախության ճանաչման հարցը: Մինչդեռ մինչ օրս ադրբեջանական կողմը ոչ միայն չէր խոսում անկախության ճանաչման պահանջի մասին, այլև խուսափում էր կարգավորման հիմք հանդիսացող մադրիդյան սկզբունքների լիարժեք բարձրաձայնումից: Իսկ վերջիններս, ինչպես գիտենք, ենթադրում են Արցախի վերջնական կարգավիճակի որոշում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման միջոցով, որի առավել հավանական արդյունքն է ԼՂՀ անկախության ճանաչումը:
Երկրորդ՝ բանակցային գործընթացը փաստացի այնպիսի զարգացում է ստացել, որի դեպքում Ալիևը ստիպված եղավ մի կողմից հանրության ներսում քննարկման առարկա դարձնել ԼՂՀ անկախության ճանաչման թեզը, մյուս կողմից, հանրության դժգոհությունը հարուցելով, հիմնավորել անկախության ճանաչման «անընդունելիությունը» Ադրբեջանի համար: Սա վկայում է այն մասին, որ հայկական կողմերի մոտեցումներն այնքան ընկալելի ու հիմնավորված են միջնորդների և միջազգային հանրության համար, որ հանգեցրել են Ադրբեջանի վրա ուղղակի ճնշումների՝ ստիպելու նրան ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սա, անշուշտ, տարիների ընթացքում հայկական կողմերի գործադրած դիվանագիտական հետևողական ջանքերի արդյունքն են: Չի բացառվում, որ միջազգային հանրության դիրքորոշման նման կոշտացումը պայմանավորված է նաև ապրիլին ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայով:
Երրորդ՝ խոսելով այն մասին, որ քանի դեռ իրենք իշխանության մոտ են, ԼՂՀ անկախությունն Ադրբեջանը չի ճանաչի՝ Ալիևը, փաստացի, հանրությանը հերթական անգամ հրամցնում է Ալիևների կլանի իշխանության ժառանգորդության անհրաժեշտությունը: Փորձ է արվում երկրի դիրքերի ամրությունը բանակցային գործընթացում կապել կոնկրետ իշխող կլանի հետ: Սա կարելի է յուրօրինակ քարոզչական հնարք համարել՝ ուղղված սեփական հանրությանը՝ «եթե չեք ցանկանում կորցնել Ղարաբաղը վերադարձնելու հույսը, պետք է մենք մնանք իշխանության մոտ» սկզբունքով:
Ամփոփելով կարելի է նշել, որ այս հայտարարությունը վկայում է ոչ միայն բանակցային գործընթացում, այլև միջազգային հարթակներում և սեփական երկրի ներսում Ալիևի բավական թույլ դիրքերի մասին: