ՀՀ-ում ծխողների թիվը նվազել է մոտ 10%-ով

18:37     12 հոկտեմբերի, 2016

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2008 թվականից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարվել է «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

Հատկանշական է, որ կոնվենցիային միանալուց ի վեր Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխողների թիվը նվազել է 8-10%-ով:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:

Վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում: Կանանց մոտ ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաքում, քան մարզերում կամ գյուղական համայնքներում: Դեռահասները սկսում են ծխել 16-17 տարեկանում, երբ դուրս են գալիս ծնողների հսկողությունից և առավել ինքնուրույն կյանք վարում։


© armedia.am