Այսօր շիա մուսուլմանները նշում են Աշուրան՝ Իմամ Հուսեյնի՝ Մուհամեդ մարգարեի թոռան նահատակման օրը: Շիաները Հուսեյնի մահը սգում են մուսուլմանների համար սրբազան համարվող Մուհարամ ամսվա առաջին տաս օրերին: Սգո արարողությունների կուլմինացիան համարվում է 10-րդ՝ Աշուրայի օրը, երբ 680 թվականին Քերբելայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում զոհվել է Հուսեյնը, նրա եղբայր Աբբասը և նրանց 70 ուղեկիցները: Այդ օրը սև հագած հավատացիալները երթ են անցկացնում, որի ժամանակ իրենք իրենց հարվածում են դանակներով, շղթաներով, բռունցքներով: Կանայք նստում են ճանապարհի եզրին, նրանց մի մասը լացում է, մյուսները՝ հարվածում իրենց կրծքին: Ինքնախարազանումը խորհրդանշում է Քուֆայի բնակիչների ապաշխարանքը և վիշտը, ովքեր դավաճանեցին Իմամին:
Չնայած Ադրբեջանը համարվում է շիական երկիր՝ նման զանգվածային երթերն այստեղ արգելված են: Ինչպես տեղեկացնում է Oxu.az-ը, Կովկասի մուսուլմանների վարչությունն Ադրբեջանի պետական ենթակառուցվածքների հետ համատեղ ֆեթվա է հրապարակել, որով արգելվում է Աշուրայի օրվան նվիրված զանգվածային երթերը: Ադրբեջանական իշխանություններն այդ քայլին են գնացել նախորդ տարվա փորձից ելնելով, երբ հավատացյալները, օգտվելով Աշուրայի առանձնահատկությունից, փորձել են հակակառավարական ցույցեր անցկացնել (Գյանջա, Նարդարան):
Հարկ է նշել, որ Ադրբեջանում քաղաքական այլընտրանքի բացակայության և սոցիալական դժգոհության առկայության պայմաններում Ալիևի բռնապետական վարչակարգի դեմ հասարակության որոշ շերտեր փորձում են պայքարել իսլամի միջոցով: Սակայն, Բաքվի իշխանությունները կոշտ միջոցներ են ձեռնարկում նաև նմանօրինակ ընդվզումների դեմ: Դրա վառ ապացույցն Ադրբեջանի ամենակրոնական բնակավայրում՝ Նարդարանում, 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած դեպքերն են, երբ իրավապահները նամազի ժամանակ ձերբակալեցին իշխանությունների քննադատությամբ հանդես եկած շիա աստվածաբան Թալե Բաղըրզդեին և հատուկ գործողություն սկսեցին բնակավայրում: Բաքուն միջոցներ է ձեռնարկում ոչ միայն հակաիշխանական ելույթներով աչքի ընկած աստվածաբանների, այլ նաև նրանց հետևորդների նկատմամբ: Մասնավորապես ադրբեջանցի իրավապաշտպաններն ահազանգում են, որ իշխանություններն անհադուրժողականություն են ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ կերպ արտահայտում են իրենց կրոնավորությունը (օրինակ` մորուք են պահում):
Որոշ վերլուծաբաններ մտահոգություն են հայտնում, որ ադրբեջանական իշխանությունների նման քաղաքականությունը հասարակությանը տանում է դեպի կրոնական արմատականության:
Նշենք, նաև, որ ի տարբերություն շիական Ադրբեջանի, Հայաստանում բնակվող շիա մահմեդականներն այսօր Երևանի Կապույտ մզկիթում հայերի ու եզդիների ներկայությամբ իրականացրել են ոչ միայն աղոթք, այլ նաև սգո բազմամարդ երթ: