Ի՞նչ ակնկալել Սիրիայի հարցով Լոզանի հանդիպումից

22:15     13 հոկտեմբերի, 2016

Ռուսաստանը և ԱՄՆ-ը հայտարարել են Սիրիայի հարցով երկխոսության վերականգնման մասին. հոկտեմբերի 15-ին Լոզանում նախատեսվում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, որին կմասնակցեն նաև տարածաշրջանային մի շարք առանցքային երկրների (Իրան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա Կատար) ԱԳ նախարարներ, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան: «Մենք ցանկացել ենք նման ավելի նեղ ձևաչափով հանդիպում անցկացնել, որպեսզի գործնական, այլ ոչ թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ոճով բանավեճ ունենանք», - պարզաբանել է Լավրովը: Լավրովը CNN-ին տված հարցազրույցում նաև հույս է հայտնել, որ հանդիպմանը լուրջ երկխոսության սկիզբ կդրվի ՝ հիմնված Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնագրի սկզբունքների վրա:

Փորձագետները նշում են, որ Լավրովի և Քերիի հանդիպումը վերջին զարգացումների համատեքստում ինքնին դրական երևույթ է, հույս կա, որ սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց: Միևնույն ժամանակ նշվում է, որ առաջիկա բավականին բարդ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, պայմանավորվածության չեն հանգեցնի: Վերլուծաբանները նշում են, որ Սիրիայի հարցով էական պայմանավորվածությունների ձեռքբերմանը խանգարում են ոչ միայն ԱՄՆ-ի  և Ռուսաստանի միջև առկա լուրջ տարաձայնությունները, այլ նաև ԱՄՆ-ում վարչակազմի սպասվող փոփոխությունը, ինչը ներկայիս իշխանություններին զսպում է բանակցություններում հեռուն գնալուց:

Վերլուծաբանների խոսքերով՝ սիրիական հակամարտության կարգավորման և արյունահեղության դադարեցման առումով այժմ շատ կարևոր է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության վերականգնումը, քանի որ այս երկու երկրները գործնականում սիրիական հակամարտության կարգավորման արտաքին գործոններն են: Այս երկու երկրների միջև Սիրիայի հարցով երկխոսության դադարեցումը կարող է հանգեցնել Ռուսաստան-Արևմուտք նոր սառը պատերազմի, իսկ որոշ կանխատեսումներով էլ անգամ Ռուսաստան-ԱՄՆ զինված բախման:


© armedia.am