Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրոպական միությունը մտադիր չէ ծնկի գալ Միացյալ Նահանգների առջև հանուն Առևտրի և ներդրումների ոլորտում գործընկերության տրանսատլանտյան համաձայնագրի (TTIP) կնքման:
«Եվրոպան բանակցություններ է վարում, բայց չի պատրաստվում ծնկի գալ ԱՄՆ-ի առաջ: Մենք չենք պատրաստվում հրաժարվել բոլոր այն սկզբունքներից, որոնք Եվրոպային հաջողություն են բերել»,- Յունկերի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
TTIP-ը նախատեսում է մաքսերից ազատված և 820 մլն-ոց սպառողական շուկայով աշխարհում ամենամեծ առևտրի գոտու ստեղծում: ԱՄՆ-ից ու ԵՄ երկրներից բացի՝ նախագծում ներառվելու են Կանադան, Մեքսիկան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Իսլանդիան, ինչպես նաև ԵՄ անդամ պետություն դառնալու թեկնածուները:
Հայտնի է, որ Եվրոպայում անցկացվել են բազմաթիվ բողոքի ակցիաներ ընդդեմ TTIP-ի: Համաձայնագրի կնքման ընդդիմախոսները մտավախություն ունեն, որ պայմանագիրը կարող է լրջորեն խախտել էկոլոգիայի, իրավունքի և զբաղվածության ոլորտներում ամրագրված եվրոպական չափորոշիչները: