Նոյեմբերի 13-ին Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբն Ստամբուլի Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանի շենքում հանդես կգա իր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» համերգային ծրագրով, հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը:
Աղբյուրի բնութագրմամբ՝ այդ հանգամանքը կարող է թուրք-գերմանական հարաբերություններում նոր լարվածության առիթ հանդիսանալ:
Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը նշել է, որ ստամբուլյան համերգը համեմատաբար փոքր շրջանակներում կիրականացվի: «Այս համատեքստում նախատեսում ենք Թուրքիայում ստեղծել գերմանա-հայ-թուրքական բարեկամության միություն: Դա նաև կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության զարգացմանն ու շարունակմանը: Բեմում միավորելով թուրք, հայ և գերմանացի երաժիշտներին՝ մենք ջանում ենք գործնականում ապրեցնել երկխոսությունը և խաղաղությունը, որպեսզի դա նաև շարունակություն ունենա», -ասել է նա:
Ռինդտը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի նաև Գերմանիայի համար, քանի որ Գերմանիան իր պատասխանատվության բաժինն ունի Հայոց ցեղասպանության հարցում: