«Սիրիական ճգնաժամը դեռևս շարունակվում է, դրան դեռ շատ երկար արյունոտ ուղի է սպասվում: Երկրի որոշ հատվածներ շարունակում են մնալ Իսլամական պետության և այլ իսլամիստական խմբակցությունների վերահսկողության տակ, ովքեր որոշ տարածաշրջանային աջակցություն են վայելում», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ասաց լիբանանահայ անկախ բլոգեր / հետազոտող և Նոր Արևելյան Քաղաքականություն Ֆորումի հիմնադիր Եղիա Թաշճեանը:
Նրա խոսքով՝ Սիրիայում իրավիճակի սրման հարցում չպետք է անուշադրության մատնենք քրդական գործոնը, քանի որ դա կարող է որոշել քաղաքական համակարգի ապագան Սիրիայում: «Սիրիան չի կարող վերադառնալ իր 2011 թվականի կենտրոնացված համակարգի վիճակին, բայց եթե դաշնային համակարգ ստեղծվի, Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի ոչնչացնի ցանկացած քրդական ինքնավարություն բոլոր հնարավոր միջոցներով` վախենալով, որ այն կարող է հասնել իր տարածքներին: Հետևաբար, քրդական գործոնը պետք է լուծվի»,- ասաց հետազոտողը:
Թաշճեանը նաև անդրադարձավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ վերջին քվեարկությանն՝ ասելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի բանաձևի նախագծի շուրջ և դրա վետոն հիմնված են Սիրիայում իր իսկ շահերի վրա. «Ռուսաստանը դավաճանված զգալով Լիբիայում, ցանկանում է պահպանել Սիրիան իր վերահսկողության տակ մի շարք պատճառներով: Նախ, այն պատճառով, որ Ռուսաստանն ունի ռազմաբազա Տարտուսում, որը միակն է Մերձավոր Արևելքում: Երկրորդ, Ռուսաստանը կարծում է, որ պայքարելով արմատականների դեմ այլ երկրներում՝ պաշտպանում է իր սահմանները պոտենցիալ իսլամական ծայրահեղականներից», - ասաց Թաշճեանը` հավելելով, որ Ռուսաստանը ևս մեկ անգամ վետո է դրել ՄԱԿ-ի բանաձևի վրա, քանի որ ցանկանում է արագացնել սիրիական բանակի առաջխաղացումը դեպի Հալեպ:
Ինչ վերաբերվում է Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում ապրող հայերին, Թաշճեանն նշեց, որ լավատես չէ նրանց ճակատագրի վերաբերյալ: Սակայն, նա հույս հայտնեց, որ ճգնաժամը Հալեպում կավարտվի մինչև ամսվա վերջ, երբ ապստամբ ուժերը դուրս գան քաղաքից: