«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուի հետ, ով վերջերս ներկայացրեց իր նոր` «Վանա լճին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
- Ձեր «Վանա լճին» տեսահոլովակն ընդամենը վերջերս է թողարկվել, բայց արդեն բավականին մեծ արձագանք է ստացել։ Ո՞րն է այդ երգի և տեսահոլովակի հիմնական միտքն ու ուղերձն աշխարհին։
- «Վանա լճին» կոչվող երգը զրույց է պատմական հայրենիքի խորհրդանիշի հետ, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության կարոտի և հույզերի արտահայտումն է հոգևոր հայրենիքի հանդեպ: 100-րդ տարելիցի կապակցությամբ Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որի մեջ հնչում է այս երգը:
Ես անձամբ ցանկություն հայտնեցի, որ այս երգի համար տեսահոլովակ նկարահանվի: «Վանա լճին» երգը հրաշալի մեղեդի ու սրտիս խորքից բխող բառեր ունի, այդ պատճառով էլ ցանկացա, որպեսզի տեսահոլովակի միջոցով ավելի հասանելի դառնա: Երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, պրոդյուսերը՝ Անդրե Սիմոնյանը, տեսահոլովակի ռեժիսորը՝ Մարիամ Գևորգյանը: Սա իմ՝ թվով 4-րդ տեսահոլովակն է:
- Դուք ծնվել և մինչև այժմ էլ ապրում եք Ստամբուլում։ Որպես Թուրքիայում ապրող հայ՝ ինչպիսի՞ դժվարությունների առջև եք կանգնում Ձեր գործունեության մեջ։ Ինչպե՞ս է հաջողվել այդքան լավ պահպանել Ձեր՝ որպես իրական հայուհու ինքնությունը։
- Հիմնական դժվարությունն այն է, որ տեսահոլովակներս հեշտությամբ թույլ չեն տրվում Թուրքիայում ցուցադրել, սակայն թուրք հասարակության կողմից բավականին լավ արձագանքներ եմ ստանում: «Վանա լճին» երգի վերաբերյալ արդեն մի քանի թուրքից բավականին լավ արձագանքներ ունեմ, և ես շատ ուրախ եմ դրա համար: «Հիացանք Ձեր ձայնով, Ձեր երգով և տեսահոլովակով՝ բառ անգամ չհասկանալով…», - գրել էր մի թուրք: Հուսամ՝ այս երգն ավելի հասանելի կդառնա:
Ինչ վերաբերում է իմ՝ հայ մնալուն, ապա հայրենասեր և հայախոս ընտանիքիս շնորհիվ է, որ այսպիսին եմ: Շատ ուրախ եմ, որ այսօր կարողանում եմ հայերեն խոսել, կարդալ և գրել:
- Ստեղծագործական ինչպիսի՞ պլաններ կան առաջիկայում։
- Մոտ օրերս մեկնելու եմ Լիբանան: Նոյեմբերի 4-ին Բեյրութում համերգ եմ ունենալու: Կան նաև համերգի այլ առաջարկներ, ունեմ նաև անակնկալներ իմ երկրպագուներին: Հուսամ՝ բոլորն իրականություն կդառնան, և ես շատ մեծ ուրախությամբ կկիսեմ դրանք ձեզ հետ: