ՄԱԿ-ը պատրաստ է ֆինանսապես աջակցել Հայաստան ժամանող սիրիահայերին. ՄԱԿ ներկայացուցիչ

11:01     18 հոկտեմբերի, 2016

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ քննարկում է նախաձեռնել Հայաստանում  ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունը։ 
Քննարկման ընթացքում բարձրացվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստան ժամանող սիրիահայերին առնչվող, մասնավորապես՝ նրանց համար Հայաստանում բնակության պայմանների ապահովման հարցում ՄԱԿ-ի աջակցության հետ կապված հարցեր: 
Արման Թաթոյանը հատկապես կարևորել է Հայաստան ժամանել պատրաստվող սիրիահայերի համար կեցության, ինչպես նաև իրավական խորհրդատվության հետ կապված խնդիրների առաջնահերթ կարգավորումը, ինչպես նաև քննարկվել է սպասվող նոր հոսքի դեպքում սիրիահայ ընտանիքներին ՄԱԿ-ի  Փախստականների հարցերով գրասենյակի կողմից հնարավոր որոշակի դրամական օժանդակություն տրամադրելու հետ կապված հարցեր: 
Բիերվիրթը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու սիրիահայ ընտանիքներին՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի մանդատի ու հնարավորությունների շրջանակում՝ նշելով, որ այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:
Քննարկման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ ի Փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակի ջանքերը՝ ուղղված սիրիահայ փախստականներին օժանդակելուն, ինչպես նաև  երկուստեք կարևորվել է այս հարցերով հաճախակի հանդիպումների ու քննարկումների անհրաժեշտությունը:  


© armedia.am