Առանց իրաքյան իշխանությունների հրավերի Իրաքում ռազմական ուժեր տեղակայած Թուրքիան մեկուսացվել է: Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով իրաքյան կամավորական ուժերից մեկին, հայտնում է, որ իրաքյան հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրմանը զուգահեռ իրաքյան բանակը կտրել է Բաշիքա ռազմաբազայում տեղակայված թուրքական ուժերի կապը Մոսուլի հետ, իսկ ռազմաբազայի հարակից շրջանները վերցվել են վերահսկողության տակ:
Տեղեկության համաձայն՝ իրաքյան ուժերն արագ առաջընթաց են գրանցել Բաշիքայի շրջանում և ամբողջությամբ վերահսկում են այդ տարածքները: Գործողության արդյունքում Մոսուլը Բաշիքային կապող երկթուղին կտրվել է: Նշվում է, որ իրաքյան ուժերը պատրաստ են «հակահարված հասցնել թուրքական ստորաբաժանումների ցանկացած շարժի դեպքում»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի շուրջ 150 զինծառայողներ և 25 տանկեր տեղակայված են Իրաքի հյուսիսային Նինվե նահանգի Բաշիքա ռազմաբազայում: Այն ընկած է Մոսուլից 30 կիլոմետր հեռավորության վրա: Դեռևս 2014 թվականին թուրքական ուժերն այստեղ վերապատրաստում և աջակցում էին քրդական Փեշմերգայի ուժերին ու սուննիական խմբավորումներին: Իսկ 2015 թվականի դեկտեմբերին Թուրքիան անսպասելիորեն ավելի ուժեղացրեց իր ներկայությունը Բաշիքա ռազմաբազայում՝ հարուցելով պաշտոնական Բաղդադի դժգոհությունը: Սեպտեմբերին Թուրքիայի խորհրդարանը քվեարկեց ևս մեկ տարով Իրաքում թուրքական զորքերի ներկայությունը պահպանելու օգտին:
Մյուս կողմից, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմն այսօր հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը երեկ մասնակցել են Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներին, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը: Իսկ նախօրեին Թուրքիայի փոխվարչապետը հայտարարեց, որ Թուրքիայի կողմից վերապատրաստված շուրջ 3000-ոց իրաքյան ուժերը մասնակցում են Մոսուլի ազատագրմանը: Ավելի վաղ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը վստահեցնում էր, որ «Թուրքիան կմասնակցի Մոսուլի գործողությանը, կլինի նաև հետագա բանակցությունների մասնակից»:
Գործողությունը ղեկավարում են Իրաքի կառավարությունը և ԱՄՆ-ը, մասնակցում են նաև Իրաքի քրդական ուժերը: Անկարան մտավախություն ունի, որ Մոսուլի գրավմամբ կարող են թուլանալ տեղի սուննիական ուժերի դիրքերը, որոնց Թուրքիան զգալի աջակցություն է ցուցաբերում: Իսկ սուննիական ուժերի թուլացումը, այն էլ Բաղդադի շիական կառավարության և իրանական ուժերի օգտին, ամենևին չի բխում Թուրքիայի շահերից: Հենց այդ պատճառով Անկարան ամեն գնով փորձում է մասնակցել քաղաքի ազատագրմանը՝ չնայած գործողության մեջ ներգրավված հիմնական ուժերի դիմադրությանը:
Փորձագետները կարծում են, որ Իրաքում քաղաքական վակուումը լցնելու համար պայքարը դեռ երկար կտևի: