Վերջին օրերին Ղարբաղյան հիմնախնդրի հետ կապված ադրբեջանական կողմից մի շարք ուշագրավ հայտարարություններ հնչեցին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հերթական անգամ մեղադրեց անարդյունավետ աշխատանքի մեջ՝ սպառնալով, որ «հակամարտության սառեցումը կարող է ցանկացած պահի հանգեցնել թեժ պատերազմի»:
Թերևս կարելի է առանձնացնել Ադրբեջանի կողմից նման հռետորաբանության մի քանի հնարավոր պատճառ: Ապրիլյան պատերազմից հետո Մոսկվայի նախաձեռնությամբ բանակցային գործընթացը բավական ակտիվացել էր, և որոշ գործիչներ իրենց հայտարարություններում անգամ չէին բացառում կարճ ժամկետներում հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության ձեռքբերումը: Սակայն այժմ, սիրիական ճգնաժամի շուրջ զարգացումների ֆոնին, Ղարաբաղյան հիմնախնդիրը, կարծես թե, կրկին մղվում է երկրորդ պլան: Այդ մասին է վկայում նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունը, թե Մոսկվան չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է մոտ ապագայում կարգավորվել: Ստեղծված իրավիճակում Բաքուն իրեն արդեն կաշկանդված չի զգում բանակցություններում կառուցողական երևալու «պարտականությամբ» և, փաստորեն, կրկին վերադառնում է իր ռազմական հռետորաբանությանը:
Երկրորդ, վերադարձը նախկին հռետորաբանությանը պայմանավորված է նաև հանրության մեջ նկատվող տրամադրություններով: Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը, ցուցադրված զինտեխնիկան (մասնավորապես` «Իսկանդեր» համակարգերը), ինչպես նաև հայ-ռուսական նոր ռազմական գործարքի մասին շրջանառվող լուրերը բավական լուրջ անհանգստություն են առաջացրել Ադրբեջանի հանրային և քաղաքական շրջանակներում: Նման իրավիճակում ալիևյան կլանը, բնականաբար, պիտի հիշեր տարիներ շարունակ իր կողմից կիրառված ռազմական հռետորաբանություն՝ կրկին խոսելով «աշխարհի ամենահզոր բանակներից» մեկի մասին:
Նախկին հռետորաբանության մասին է խոսում նաև Ալիևի վերջին այն հայտարարությունը, թե Ադրբեջանը պատրաստ է Արցախին «շնորհել» ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Եթե Ալիևի նման հայտարարությունը քարոզչության տակ գտնվող Ադրբեջանի հանրության համար կարող է դիտարկվել որպես «առատաձեռնություն», Հայաստանում և Արցախում դրան վերաբերում են հումորով: Ադրբեջանում պարբերաբար հնչող ռազմական հռետորաբանության, հայաֆոբիայի, ուժի կիրառման սպառնալիքի, սաֆարովների հերոսացման առկայության պարագայում Արցախի՝ Ադրբեջանի մաս դառնալու մասին հնարավորությունն անգամ միջազգային հանրության համար է անընդունելի:
Ամփոփելով կարող ենք նշել, որ Ադրբեջանի կողմից հնչած նման հայտարարությունները, ըստ էության, հին հռետորաբանության կրկնություն են, որը, կախված ներքին և արտաքին գործոններից, պարբերաբար ակտիվանում է: