Ադրբեջանի ապակառուցողական ոճն ու հայտարարություններն արդեն հոգնեցրել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, սակայն նրանք այդ մասին չեն արտահայտվում` հետևելով դիվանագիտական կանոններին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը:
Վերջինս նշել էր, որ Ադրբեջանը միջազգային հանրությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված հստակ քայլեր: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ դեռ ոչ մի օգուտ չեն տվել», - ասել էր Ն. Մամեդովը:
Ըստ Դավիթ Բաբայանի` նման հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է` Բաքուն պատրաստ չէ կառուցողական քայլեր ձեռնարկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ.
«Ինչ վերաբերում է մեր ասելիքին համանախագահներին` կայանալիք այցելության ժամանակ, իհարկե, քննարկելու ենք ավանդական թեմաներ` սահմանային իրավիճակի հետ կապված: Պարտադիր խոսելու ենք նաև հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրման ուղղությամբ արվող քայլերի մասին: Ադրբեջանը նույնպես չի կարող խուսափել այս հարցերից, քանի որ անկախ ներկայիս պահվածքից` պաշտոնական Բաքուն հայտնել է իր սատարումն այս հարցերի քննարկմանը», - նշեց Դավիթ Բաբայանը: