Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` թվով երրորդ եվրաակումբի բացման արարողության ժամանակ հոկտեմբերի 18-ին նկատեց, որ Եվրաակումբի բացման նպատակը ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ՀՀ-ում Եվրամիության կողմից հայ երիտասարդներին տրվող հնարավորությունների մասին իրազեկելն է, հայտնում է Panorama.am-ը:
Սվիտալսկին նաև նշեց, որ ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացնելու է «խորհրդանշական գումար՝ մի քանի հազար եվրո»:
ԵՄ պատվիրակության ղեկավարը հավելեց, որ Հայաստանը Եվրոպական Միության անբաժանելի մասն է և լինելով առաջին քրիստոնյա պետությունը, լինելով եվրոպական քաղաքակրթության օրրանը, դարեր շարունակ ունեցել է սերտ կապեր Եվրոպայի հետ:
«Հայերը Եվրոպայում պետք է զգան ինչպես իրենց տանը ու պետք է զգան մեծ և ամբողջական Եվրոպայի ընտանիքի մի մասը: Ոմանք կարող են այսօր հարցնել՝ ի՞նչ է նշանակում եվրոպամետ լինել Հայաստանում: Եվրոպական ինքնությունը մի քանի չափորոշիչ ունի: Օրինակ՝ երիտասարդության համար եվրոպական ոգին կարող է նշանակել միշտ լինել ճշմարտության, ռացիոնալության կողմից», -հայտարարեց Սվիտալսկին:
Հանդիպմանը ներկա «Անալիտիկոն» ամսագրի խմբագիր, արցախցի Գեղամ Բաղդասարյանը Սվիտալսկուն հիշեցրեց ԵՄ-ի «Ներգրավում առանց ճանաչման» ծրագրի մասին և հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Արցախում ևս նման եվրաակումբ բացվի:
«Ժամանակին արցախյան մի շարք ՀԿ-ներ դիմել էին ԵՄ-ին եվրոպական տեղեկատվական կենտրոն բացելու առաջարկով», -դիմելով Սվիտալսկուն ասաց Բաղդասարյանը:
Ի պատասխան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ Հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչն այս շաբաթ այցելելու է Հայաստան և նրա մանդատի բաղադրիչներից մեկը հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորումն է ու շփումների խթանումը:
«ԵՄ-ն հատկացրել է գումարներ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման ծրագրերի համար, և ես գիտեմ, որ դեսպան Զալբերը որոնելու է այդպիսի հնարավորություններ ծրագրեր իրականացնելու համար: Եվ ենթադրում եմ, որ նա ավելի պատրաստ կլինի պատասխանել ձեր հարցին: Իմ մանդատը չի տարածվում մինչև Ստեփանակերտ, Ղարաբաղ: Բայց հույս ունեմ, որ առաջիկայում մենք կկարողանանք տեսնել համակողմանի կարգավորում», -հավելեց Սվիտալսկին: