Միացյալ Նահանգներում նախագահական ընտրապայքարը վերջնական փուլ է թևակոխում: Այսօր Լաս Վեգասում կայանալու է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Հիլարի Քլինթոնի և Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դոնալդ Թրամփի երրորդ՝ եզրափակիչ բանավեճը: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կայանալու են նոյեմբերի 8-ին:
Բանավեճի ընթացքում հակառակորդները քննարկելու են ներգաղթին, սոցիալական ծրագրերին, պետական պարտքին, Գերագույն դատարանին, տնտեսությանը, արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, հայտնում է РИА Новости-ն: Քննարկվելու է նաև նախագահի պաշտոնը ստանձնելու համար թեկնածուներից յուրաքանչյուրի պատրաստակամությունը: Ենթադրվում է, որ 90 րոպե տևող բանավեճի ընթացքում թեմաներից յուրաքանչյուրին 15 րոպե կհատկացվի: Քլինթոնն ու Թրամփը 2 րոպե են ունենալու հարցին պատասխանելու համար: Մրցակիցները նաև միմյանց պատասխանելու հնարավորություն կունենան:
Վճռորոշ բանավեճից առաջ Քլինթոնը 6 կետով առաջ է անցել Թրամփից: Այս մասին են վկայում Fox News հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքները, նշում է РИА Новости-ն: Հարցման արդյունքների համաձայն` Քլինթոնի թեկնածությանն աջակցում է հարցվծաների 45%-ը, մինչդեռ Թրամփի օգտին արտահայտվել է հարցվածների միայն 39%-ը:
Հետաքրքիր է նաև, որ 70 Նոբելյան մրցանակակիրներ բաց նամակ են տարածել՝ իրենց աջակցությունը հայտնելով Դեմոկրատական կուսակցության թեկնածուին: «Մեզ այնպիսի նախագահ է պետք, ով կաջակցի և առաջ կմղի քաղաքական մեթոդները, որոնք նպաստում են գիտության և տեխնիկայի առաջընթացին», - նամակը մեջբերում է Sputnik գործակալությունը: «Չափազանց կարևոր է, որ Հիլարի Քլինթոնն ընտրվի ԱՄՆ նոր նախագահ», - հայտարարել են 70 Նոբելյան մրցանակակիրները: Թրամփի մասին նրանք որևէ հիշատակում չեն արել:
Թրամփը ևս հետաքրքիր աջակիցներ ունի: Մասնավորապես, ԱՄՆ գործող նախագահի խորթ եղբայր Մալիքը հայտարարել է, որ ներկա է գտնվելու Լաս Վեգասում վերջնական բանավեճին որպես Թրամփի հյուր: Օբամայի խորթ եղբոր կարծիքով «Թրամփը կարող է Ամերիկան կրկին հզոր դարձնել», նշում է New York Post պարբերականը: Ավելի վաղ Քենիայում ծնված և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող Բարաք Օբամայի խորթ եղբայրը հայտարարել էր, որ մտադիր է քվեարկել Թրամփի օգտին:
Հատկանշական է, որ ժողովրդավարության իդեալ հանդիսացող ԱՄՆ-ում ընտրողների շուրջ մեկ երրորդը վստահ չէ, որ իրենց ձայները ճիշտ են հաշվարկվելու: