Ինչպես պետք է հագնվի կին քաղաքական գործիչը, որպեսզի շրջապատի ուշադրությունը չկենտրոնացնի իր հագուկապի վրա, բայց միևնույն ժամանակ ձանձրալի և անհետաքրքիր չթվա: Տղամարդ քաղաքական գործիչների հագուստի ոճն ու հատուկ կերպարը ձևավորվել են դարերի ընթացքում, այն այս կամ այն կերպ պարզ ու հասկանալի է բոլորի համար, սակայն կին քաղաքական գործչին հատուկ իմիջը դեռ չի հասցրել ամրագրվել պատմության մեջ: Նախադեպերի հարաբերական բացակայությունը մեծացնում է կանանց «սայթաքելու» հավանականությունը:
Շատերը պնդում են, որ ԶԼՄ-ները հանրության ուշադրությունը հրավիրում են կին քաղաքական գործիչների հագուկապին ավելի հաճախ, քան տղամարդկանց, դրանով իսկ մշտապես հարցականի տակ դնելով կանանց վարկանիշն ու իմիջային համբավը:
Հասարակության հետաքրքրությունը միշտ ավելի մեծ ու անհագ է կին քաղաքական գործիչների հանդեպ՝ թեկուզ միայն այն պատճառով, որ նրանց թիվն անհամեմատ քիչ է, քան տղամարդկանցը:
Ինչպես հայտնում է «Euronews»-ը, վերջին վեց ամիսների ընթացքում «Անգելա Մերկելի հագուստ» վերնագրով փնտրտուքը Google-ում 2,1 անգամ ավելի հաճախ է եղել, քան օրինակ՝ «Ֆրանսուա Օլանդի հագուստ»-ը: Նույն հաջողությամբ էլ, «Դոնալդ Թրամփի հագուստը» 1.3 անգամ ավելի քիչ է փնտրվել, քան «Հիլարի Քլինթոնի հագուստը», թեև Թրամփի անունով ընդհանուր որոնումների թիվը 2.1 անգամ ավելի բարձր է եղել, քան Քլինթոնինը:
Ընդհանրապես, հարկ է նշել, որ ֆորմալ գործնական ոճը կին քաղաքական գործիչների համար իրենից ենթադրում է պարտադիր պիջակ. տաբատ+պիջակ, մինչև ծնկները հասնող կամ միդի ուղիղ շրջազգեստ+պիջակ, վերնաշապիկ+կիսաշրջազգեստ+պիջակ: Ցանկալի է կրել հանգիստ գույներ ու երանգներ: Տաբատը պետք է թույլ լինի և ոչ մի դեպքում չընդգրկի մարմինը: Զուգագուլպան պարտադիր է, մերկ ոտքերն անթույլատրելի են: Կոշիկները պետք է լինեն դասական ոճի, նախընտրելի է փակ դիմային մասով և ոչ շատ բարձր կրունկով: Սանրվածքը պետք է լինի կոկիկ, հնարավորինս հավաքված, իսկ դիմահարդարումը՝ մեղմ և բնականին մոտ:
Եթե անդրադառնանք մեր հայ կին քաղաքական գործիչներին, ապա ոճային առումով առաջատարն այստեղ անշուշտ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է, ում կերպարը չնայած ֆորմալ գործնական է, բայց բնավ ոչ միապաղաղ: Նա կարողանում է իր բնատուր գեղեցկությունն ու արտաքին տեսքն էլ ավելի ընդգծել խիստ, բայց գեղեցիկ հագուկապով: Չնայած նրա արդուզարդը հիմնականում խոշոր ու աչքի ընկնող է, մազերն էլ մեծամասամբ ուսերին թափված, այնուամենայնիվ Արդարադատության նախարարը միշտ ճիշտ ու գրագետ է իրեն մատուցում:
Որպես ոճային կին քաղաքական գործիչներ, հայուհիներից կարելի է առանձնացնել նաև պատգամավորներ Մարգարիտ Եսայանին և Հեղինե Բիշարյանին, ովքեր ևս մեծամասամբ պահպանում են պաշտոնական դրես կոդն ու համահունչ հագուկապը: