Նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ կդառնա կամ Հիլարի Քլինթոնը, կամ Դոնալդ Թրամփը: Սակայն քչերին է հայտնի, որ կա երկու այլ թեկնածու, ովքեր փորձում են գրավել ընտրողների ուշադրությունը՝ Գերի Ջոնսոնը և Ջիլ Սթեյնը: Ըստ սոցհարցումների՝ նախագահ դառնալու նրանց շանսերը ավելի քիչ են, քան 0.1 տոկոսը:
Գերի Ջոնսոնը 63 տարեկան է և հանդիսանում է լիբերալների կուսակցության նախագահի թեկնածու, ով 2012-ին ևս պայքարել է նախագահական ընտրարշավում: Նա հաջողակ գործարար է, ով նաև Նյու Մեքսիկոյի նահանգապետն է եղել 1995-2003թթ.:
Ջոնսոնի քաղաքական հայացքները նկարագրվել են որպես ֆինանսապես պահպանողական և սոցիալապես լիբերալ՝ սահմանափակ կառավարության փիլիսոփայությամբ:
Իր քարոզարշավում նա հայտարարել է, որ դեմ է ԱՄՆ ռազմական միջամտությանը արտասահմանյան պատերազմներին և խոստացել է կրճատել ռազմական բյուջեն 43% -ով: Ջոնսոնը կկրճատեր նաև բանակի արտասահմանյան բազաները, համազգեստավոր և քաղաքացիական անձնակազմը, հետազոտական, հետախուզական և միջուկային ծրագրերը:
Մյուս թեկնածուն՝ 65-ամյա Ջիլլ Սթեյնը, Կանաչների կուսակցությունից է: Նա ևս երկրորդ անգամ է առաջադրվում որպես նախագահի թեկնածու, ով նաև անհաջող կերպով մասնակցել է Մասաչուսեթսի 2002 թ., և 2010 թ. Նահանգապետի ընտություններին: Սթեյնն ամենից շատ մտահոգված է միջազգային հարթակում ֆաշիզմի վերելքով և նեոլիբերալիզմի ամրապնդմամբ դեմոկրատական կուսակցության շրջանակներում: Ըստ նրա՝ պատասխանը նեոֆաշիզմին՝ նեոլիբերալիզմի դադարեցումն է:
«Եվս մեկ Քլինթոնի Սպիտակ տուն բերելով՝ ավելի կբորբոքենք աջ ծայրահեղականության կրակը: Իսկ մենք երկար ժամանակ է, ինչ ծանոթ ենք դրան. նացիստական Գերմանիայից սկսած», - հայտարարել էր Սթեյնը:
Ինչևէ, ըստ բազմաթիվ քննադատների, երկկուսակցական համակարգն իսկապես որ ոչնչացնում է Ամերիկան՝ խարխլելով դրա քաղաքական համակարգը: Յուրաքանչյուր ազգային հարց ձեռք է բերում պարզունակ երկակիության: Այս երկակիությունն ամերիկյան քաղաքական բանավեճը հասցնում է անհեթեթության աստիճանի: Սա ստեղծում է սևեռուն մի գաղափար, թե ամեն հանրային նշանակության խնդիր ունի երկու, և միայն երկու մոտեցում՝ «հանրապետական» կամ «դեմոկրատական»:
Ամերիկացի փորձագետները կարծում են, որ պետք է հնարավորինս շուտ ձևափոխել երկկուսակցական համակարգը, ինչը կբերի նոր հայացքներ և թարմ գաղափարներ: Դա թույլ կտա ընտրողներին ավելի մեծ ընտրություն ունենալ ցանկացած հարցի վերաբերյալ: Իսկ այլընտրանքը միշտ էլ ողջունելի է և, ըստ մասնագետների, անշուշտ կխրախուսվի ամերիկացիների կողմից: