Դիարբեքիրում ապրող Շահե Թայուրաքը, ըստ ենթադրությունների, 115 տարեկան է: Ունի 415 թոռ, ծոռ ու կոռ: Շահեն ամուսնացած է եղել 3 անգամ:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Memurlar լրատվական կայքին նրա առաջին ամուսինը հայ է եղել: Առաջին ամուսնությունից երկու զավակ է ունեցել:
Շահեի ավագ դուստրը՝ 90-ամյա Թելին, պատմել է, որ իրենց հայրը աքսորից փրկված իսլամացված հայ է եղել, որի անունն Իբրահիմ էր: Մոր և հոր ամուսնության մասին պատմելիս՝ նա նշել է, որ դա եղել է տատիկի որոշումը. «Պապիկս (մորական) 7 տարի էր՝ ծառայում էր Արաբիայում: Երբ արդեն իրենց խնամող չի եղել, տատիկս մորս ամուսնացրել է հարևան գյուղում ապրող հորս հետ, որը որբ էր, ոչ մի բարեկամ չուներ»:
Թելին պատմել է, որ հայրը իսլամացած հայ է եղել, իսկ հորական կողմի բարեկամները, որոնք ապրում էին Սիրիայի Քամիշլի քաղաքում, տարիներ հետո գտել ու կապ են հաստատել իրենց հետ:
«Տարիներ առաջ նրանք կապ էին հաստատել եղբորս հետ: Եղբայրս ինձ պատմել է, որ մեր հոր զարմիկները մեզ Սիրիա են հրավիրել: Պետք է գնայինք նրանց հետ ծանոթանայինք, բայց ոչ մի կերպ չստացվեց»,-հայտնել է Թելին՝ նշելով, որ շատ է ափսոսում, որ չի կարողացել ծանոթանալ նրանց հետ: