Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հրավերով իր գերատեսչությունում տեղի ունեցած Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ժամանակ կրկին ոչ մի բեկումնային փոփոխություն չարձանագրվեց:
Կայացած ճեպազրույցում Ուկրաինայի նախագահն, ըստ էության, խոստովանել է, որ Կիևի կողմից պատրաստված «ճանապարհային քարտեզի» նախագիծը չի հաջողվել համաձայնեցնել Բեռլինում: Նրա խոսքով՝ Մինսկի խաղաղության համաձայնագիրն Ուկրաինայի արևելքում իրագործելու նպատակով դրա այլընտրանքային տարբերակը կմշակվի մինչև հաջորդ ամսվա վերջ, որից հետո փաստաթուղթը կներկայացվի բոլոր չորս երկրների առաջնորդներին այն հաստատելու համար:
Պորոշենկոն պնդել է, որ առանց անվտանգության խնդիրների լուծման՝ այդ թվում օտարերկրյա զորքերի դուրսբերման ու սահմանի փակման, Դոնեցկում և Լուգանսկում տեղական ընտրությունները հնարավոր չեն... Քաղաքական բարեփոխումներն արագացնելու նպատակով, Կիևը պահանջել է տեղակայել զինված ոստիկանական առաքելություն Ուկրաինայի արևելքում՝ թույլ տալով ԵԱՀԿ դիտորդներին լինել զինված և անարգել մուտք գործել այդ տարածաշրջան, որն, ըստ Ուկրաինայի առաջնորդի, կապահովի անվտանգությունն, ինչպես ընտրական գործընթացի ընթացքում, այնպես էլ անցումային շրջանում»: «Ռուսական կողմը աջակցել է ԵԱՀԿ զինված ոստիկանական առաքելության ներդրման անհրաժեշտությանը», - ասել է Պորոշենկոն:
Հարկ է նշել, որ ոստիկանական առաքելության մասին Պորոշենկոյի հայտարարությունն, ընդհանուր առմամբ, հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օդանավակայանում տված հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել ԵԱՀԿ առաքելությունը, թեև ոչ ամբողջ սահմանի երկարությամբ, այլ միայն «ծանր տեխնիկայի պահպանման կետերում և դուրսբերման գոտում»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքական հիմնարար նշանակություն ունեցող բաղադրիչին, ապա, ըստ Պուտինի, հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել աշխատանքները Դոնեցկին և Լուգանսկին հատուկ կարգավիճակ շնորհելու ուղղությամբ:
Իսկ Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդն իրենց տված մամուլի ասուլիսում նախընտրել են հիմնականում կենտրոնանալ սիրիական խնդրի վրա: Նրանք քննադատել են Մոսկվային՝ Սիրիայում իրականացվող ավիահարվածների համար, միևնույն ժամանակ նշելով, որ Վլադիմիր Պուտինի կողմից խոստացած ժամանակավոր հրադադարի ռեժիմը չի օգնի լուծել Հալեպի խնդիրը:
Անգելա Մերկելի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը Սիրիայի շուրջ անցել է «շատ բարդ», ինչը մեկ անգամ ևս հաստատում է, որ «Նորմանդական ձևաչափի» շրջանակներում առանցքային հարցերի շուրջ կրկին հնարավոր չի եղել գրանցել առաջընթաց: