Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ծանոթացել է Քըրք Քրքորյանի կտակին։ Այս մասին Օսկանյանը գրել է Facebook-ի իր էջում, փոխանցում է «Новости Армения»-ն:
«Ժառանգություն է թողնվել 2 միլիարդ դոլարի կարգի գումար, որը բացառապես պետք է տրամադրվի մեկ կամ ավելի բարեգործական կազմակերպությունների, որոնք ունեն ԱՄՆ-ի հարկային ծառայության այսպես կոչված 501(C)3 արտոնությունը։ Կտակը պետք է տնօրինվի անվանական նշված երեք անհատների կողմից, որոնցից հայազգի է միայն մեկը։ Նրանք Քրքորյանի մահվանից հետո երեք տարվա ընթացքում (որի մեկ տարին անցել է) պետք է արդեն այդ գումարի բաժանումը կատարած լինեն»,– նշվում է Օսկանյանի գրառման մեջ։
Օսկանյանի հաղորդմամբ, այս եռյակի որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով ու Քրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից ելնելով։ Օսկանյանը, հաշվի առնելով, որ Քրքորյանի նվիրատվությունների հիմնական մասը ուղղված է եղել Հայաստանին, առաջարկում է հնարավորինս ձևավորել հանձնաժողով, որը, խորհրդակցություններ անցկացնելով այդ թվում՝ Հայաստանի կառավարության հետ, առաջարկների փաթեթ կներկայացնի կտակը տնօրինող եռյակին։