Վերջին զարգացումներից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն առևտրի մեջ է մտել Մոսկվայի հետ՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ մտնել-չմտնելու հարցի շուրջ, ինչի արդյունքում կախվածության մեջ է հայտնվել Ստեփանակերտից:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձ է կատարել ԵԱՏՄ-ին միանալու հնարավոր հեռանկարին՝ չբացառելով նման հեռանկարը, բայց շեշտելով «մոտիվացիայի պակասը»: «Մեզ բավարարում է մեր և՛ տնտեսական, և՛ քաղաքական վիճակը»,- նշել է Ալիևը՝ միաժամանակ ընդգծելով, որ աշխարհը փոխվում է, և նոր սպառնալիքներ ու միտումներ են նկատվում: «Այդ պայմաններում, իհարկե, շատ բան է կախված ավանդական գործընկերների հետ սերտ համագործակցությունից»,- ասել է նա: Միաժամանակ Ալիևն ընդգծել է, որ այժմ մոտիվացիայի փնտրտուք է տեղի ունենում: «Եթե միությունը գրավիչ դառնա, շատերը կձգտեն դեպի այն»,- ընդգծել է Ալիևը:
Փաստացի, Ալիևն իր խոսքում ցույց է տալիս, որ Ադրբեջանը քննարկում է «մոտիվացիայի» հարցը և սպասում է ավելի լավ առաջարկ իր գործընկերներից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանից: Իսկ այդ առաջարկը, տրամաբանական է, որ պետք է լինի Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն այսօր առևտուր է սկսել Մոսկվայի հետ, եթե ՌԴ-ն կարողանա առաջարկել Բաքվի համար ցանկալի պայմաններով հակամարտության կարգավորում, Ադրբեջանը կմիանա ԵԱՏՄ-ին, իսկ գուցե նաև ՀԱՊԿ-ին:
Սակայն Ալիևն ինքն էլ կարծես չի նկատել, որ նման հարցադրմամբ ու «մոտիվացիաների փնտրտուքով» ուղղակիորեն կախվածության մեջ է հայտնվել Ստեփանակերտի կամքից: Պարզապես բոլորի համար ակնհայտ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի կյանքի կոչումը հնարավոր է միմիայն Ստեփանակերտի համաձայնության պարագայում: Ուստի անկախ նրանից, թե ինչ կառաջարկի Մոսկվան, վերջին խոսքը լինելու է Ստեփանակերտինը, և փաստացի Ստեփանակերտն է որոշելու Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին միանալ-չմիանալու հարցը:
Բացի այդ՝ Ալիև կրտսերն, իր հատկանիշներով և ստրատեգիական մտածողությամբ զգալիորեն զիջելով հորը, հաշվի չի առել մեկ այլ կարևոր հանգամանք, որը պարզապես չէր կարող վրիպել Ալիև ավագի ուշադրությունից. Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին միանալու հնարավորությունը կախված է լինելու Հայաստանի քվեարկությունից, վետո կիրառել-չկիրառելուց: Ուստի տնտեսապես և քաղաքականապես այդքան անկախ և ինքնուրույն Ադրբեջանն այսօր կախվածության մեջ է հայտնվել նույնիսկ ոչ միայն Ստեփանակերտից, այլև Ստեփանակերտից ու Երևանից միաժամանակ: