Ղրղզստանի կառավարությունը հրաժարական կտա

16:15     24 հոկտեմբերի, 2016

Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը հայտարարել է մեծամասնության խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու մասին, ինչը նշանակում է կառավարության հրաժարական։

«Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դուրս է գալիս մեծամասնության կոալիցիայից»,- երկուշաբթի հայտարարել է խմբակցության առաջնորդ Իսա Օմուրկուլովը, հաղորդում է Интерфакс գործակալությունը:

Նա պարզաբանել է, որ Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը մինչև Ղրղզստանի նախագահ ընտրվելը գլխավորում էր Ալմազբեկ Աթամբաևը, դուրս է գալիս կոալիցիայից՝ դրա մեջ մտնող խմբակցությունների հետ «քաղաքական հայացքների անհամաձայնության» պատճառով: Դուրս գալու մասին որոշումը կայացվել է երկուշաբթի՝ խմբակցության նիստի արդյունքներով:

Ղրղզստանի սահմանադրության համաձայն՝ մեծամասնության կոալիցիայից խմբակցություններից մեկի դուրս գալը նշանակում է դրա կազմաքանդումը, ինչպես նաև կառավարության հրաժարականը:


© armedia.am