ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի առանձնազրույցը: Նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով: Ինչպես փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ձե՛րդ Վսեմություն,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար․ այսօր կայանում է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնի և մեծ վարպետի անդրանիկ այցը Հայաստան։ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի բարեկամական և կառուցողական ոգով զարգացող դիվանագիտական հարաբերությունները տարիների պատմություն ունեն, սակայն այս պահին մի յուրովի, ես կասեի՝ պատմական կամուրջ է ստեղծվում աշխարհի առաջին քրիստոնյա երկրի և հնագույն քրիստոնեական մարտական ուխտի միջև։ Խորհրդանշական է նաև, քանի դեռ խաչակիրների արշավանքների ժամանակաշրջանում Կիլիկիայի հայկական թագավորության և Մալթայի Ուխտի միջև գոյություն ունեցող սերտ քաղաքական ու մշակութային կապերն այսօր նոր շունչ են առնում. Ձերդ Վսեմության այցով մենք հավակնում ենք նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը։
Րոպեներ առաջ ես և Ֆրա Մեթյու Ֆեսթինգն անմիջական ու բարձր փոխըմբռնման մթնոլորտում քննարկեցինք ինչպես երկկողմ համագործակցության հեռանկարները, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր:
Անշուշտ, մեր խորին երախտագիտությունը հայտնեցի դեռևս 1988 թվականի ավերիչ երկրաշարժի դաժան օրերին և մինչ օրս Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության համար, որը նշանակալի է և, իհարկե, աննկատ չի մնացել։
Քննարկեցինք նաև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները բժշկական ծառայությունների մատուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածության և նրա կազմակերպման, համատեղ պատմագրության ոլորտներում, որտեղ թե´ Մալթայի Ուխտը և թե´ Հայաստանը պատկառելի փորձ են կուտակել, և այստեղ, իհարկե, կարծում եմ, կարելի է շատ օգտակար աշխատանք կատարել: Այդ օգտակար աշխատանքի արդյունքում մենք կարող ենք ունենալ հավելյալ տեղեկություն խաչակիրների և Կիլիկիայի հայկական թագավորության միջև եղած համագործակցության մասին:
Երկուստեք փաստեցինք, որ համագործակցության հետագա զարգացման համար մենք ունենք ամենակարևորը՝ նույնակունք արժեքային հենք, որ թույլ է տալիս միանման մոտենալ խնդիրների լուծմանը։ Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի պատմական ճանապարհը լի է եղել մաքառումներով՝ հանուն քրիստոնյա ինքնության ու արժեքների պահպանության, հանուն քրիստոնեական մշակույթի, հանուն մարդասիրության խրախուսման։ Կարելի է ասել, որ քրիստոնեության ընդունումից ի վեր հայերի պատմական ուղին անցել է Մալթայի Ուխտի՝ «Վկայել հավատքը» կարգախոսին համահունչ։
Իհարկե, խոսեցինք նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող առանձնահատուկ կապերի, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Պապի կողմից 2015թ․ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագի և ս․թ․ հունիսին Պապի հայաստանյան այցի մասին, որն այս բռնություններով լի օրերում միջեկեղեցական համերաշխության փայլուն օրինակ է։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեցի Նորին Վսեմությանը պատարագին ներկա գտնվելու և իր աղոթքներում հայորդիներին հիշատակելու համար։
Անշուշտ, խոսեցինք նաև Սիրիայում ստեղծված ողբերգական իրադրության մասին, որը վերածվել է հումանիտար աղետի։ Մեծ ցավով փաստեցինք նաև, թե ինչպիսի հալածանքների և կտտանքների են ենթարկվում այնտեղ քրիստոնյաները և ոչ միայն քրիստոնյաները։ Ես հայտնեցի Հայաստանի պատրաստակամությունն իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնության իրականացմանը, որը ինչ-որ կերպ կխոչընդոտի քրիստոնյաների ու քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արևելքում։
Ձե՛րդ Վսեմություն, կրկին բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ առաջին քրիստոնեական երկիր, որտեղ մշտապես ուրախ ենք ընդունելու Հայաստանի պատվարժան հյուրերին»։